Դեպի վեր
Նորություններ

17.11.2016

Շահառու խմբերի ներկայացուցիչները կադաստրի պետական կոմիտեում


   Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի շրջանակներում  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում նախագահ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ինչպես կադաստրի ոլորտի պատասխանատուներ, այնպես էլ  շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, խորհրդակցությանը ներկա էին <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>>,  <<Արմենտել>>, <<Յուքոմ>>, <<ՎիվաՍել-ՄՏՍ>>, <<Ռոստելեկոմ>>, <<Երևան Ջուր>>, <<ՀԷՑ>>, <<Գազպրոմ Արմենիա>>, <<Երևանգազ>>, <<Հայփոստ>>, <<Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր>> շահառու ընկերությունների ներկայացուցիչները:

   Աշխատանքային խորհրդակցությունը մեկնարկեց <<ՀՀ Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման>> ծրագրի շնորհանդեսով: Խորհրդակցության մասնակիցները մանրամասն քննարկեցին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված <<ՀՀ Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման>> ծրագիրը: Կոմիտեի նախագահը ներկայացրեց Երկրատեղեկատվական համակարգերի հիմնական դրույթները, կիրառման ոլորտները, արդիական լուծումները: Պարոն Սարգսյանը ներկայացրեց կոմիտեի կողմից 2005-2016 թվականների ընթացքում երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք կատարվել են կոմիտեի պատվերով, համակարգում գործող նոր տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցված <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ի բարձր որակավորում ունեցող մասնագետների միջոցով: Կոմիտեի պատասխանատուները խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեցին կոմիտեի կողմից վարվող բազային երկրատեղեկատվական համակարգի հիմնական դրույթները, համակարգում կիրառվող տվյալների և մեգատվյալների շտեմարանացման միջազգային ընդունված ստանդարտներն ու ձևաչափերը:

   <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանը, ողջունեց կադաստրի պետական կոմիտեի կատարած աշխատանքը և հայտնեց, որ հանրային  ծառայություններ իրականացնող ընկերություններն իրապես հետաքրքրված են կոմիտեի կողմից ստեղծվող քարտեզագրական և բազային տեղեկատվական տվյալներով և կարևորեց այն հանգամանքը, որ երկրատեղեկատվական համակարգի նկատմամբ ամբողջ տեղեկատվությունը կստացվի մեկ աղբյուրից՝ առանց ժամանակի կորստի: Քննարկման ընթացքում կարևորվեց նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի օգտագործման գաղափարը, որը թույլ կտա խուսափել բազմաթիվ խնդիրներից, օգտագործել մշտապես թարմացված, ճշգրիտ նյութ և աշխատել միասնական միջավայրում:

   Կոմիտեի նախագահ Մ.Սարգսյանը քննարկման մասնակիցներին հավաստիացրեց, որ բազաների ապահովության խնդիրները նույնպես գտնվում են մեր մասնագետների ուշադրության կենտրոնում, իսկ ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ոլորտում միջազգային փորձը:

   Հանդիպման ընթացքում շահառու ընկերությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել կադաստրի պետական կոմիտեի հետ: Վերջիններս ներկայացրեցին նաև իրենց աշխատանքային փորձը ներառող նյութեր, որոնք, պարոն Սարգսյանի հավաստմամբ, կուսումնասիրվեն կոմիտեի մասնագետների կողմից և հնարավորության դեպքում կկիրառվեն:

   Հանդիպման ավարտին կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորեց շահառու խմբերի հետ շարունակական համագործակցությունը և հույս հայտնեց, որ համատեղ քննարկումներ առաջիկայում ևս կլինեն: