Դեպի վեր
Նորություններ

23.11.2016

ՀՀ կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը


Գոհացնող սպասարկումը՝ առաջնահերթություն

 

  Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին կոմիտեի նախագահի տեղակալները,  աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի սպասարկման գրասենյակների ղեկավարները:      

Անդրադառնալով խորհրդակցության օրակարգում ներառված հարցերին՝ կոմիտեի նախագահ պարոն Սարգսյանը ներկաներին հորդորեց առանձնակի ուշադրություն դարձնել քննարկվող այն հարցերին, որոնք վերաբերում են կոմիտեի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին: Կոմիտեի ղեկավարը մատնանշեց այն մեծածավալ աշխատանքը, որն արվել է այդ ուղղությամբ, սակայն նկատեց նաև, որ համակարգում կատարվող բարեփոխումների առանցքային խնդիրը եղել և մնում է քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելը: Կարևորելով այդ հարցում կոմիտեի սպասարկման գրասենյակների ղեկավարների անմիջական մասնակցությունը՝ պարոն Սարգսյանը կարգադրեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպասարկման գրասենյակի առօրյա աշխատանքը, եթե հարկ լինի, քաղաքացուն անձամբ տալ սպառիչ և գոհացնող պարզաբանում: Ներկաներին կոմիտեի նախագահը խիստ հանձնարարական տվեց քայլեր ձեռնարկել համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Հանձնարարականի արդյունավետ իրագործման համար պարոն Սարգսյանը կարգադրեց կոմիտեի կայքէջում թեժ գծի հեռախոսահամարներից բացի տեղադրել նաև հեռախոսահամար, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել իրենց հուզող ցանկացած հարցով կոմիտեի նախագահի օգնականին (060.47.41.41):

 Կարևորելով աշխատանքային կարգապահությունը՝ կոմիտեի ղեկավարը նկատեց, որ տեղերում դրսևորած թերացումների և բացթողումների համար սպասարկման ղեկավարը կրում է  անմիջական պատասխանատվություն:

Քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ և պատրաստակամ վերաբերմունք դրսևորելուց բացի, կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը կարևորեց վերջիններիս հարցերին ամբողջական և գոհացնող պատասխան գտնելու անհրաժեշտությունը: Այդպիսի աշխատելաոճի ապահովման համար կոմիտեի ղեկավարը կարևորեց կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության դերը, ինչպես նաև, իրենց գործառույթներին համապատասխան, խիստ հանձնարարականներ տրվեցին նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

Խորհրդակցության վերջում Մարտին Սարգսյանը հանձնարարեց ներկաներին ամենօրյա խիստ հսկողություն սահմանել քաղաքացիների պատշաճ սպասարկմանն առնչվող խնդիրների նկատմամբ, առանձնակի ուշադրություն  դարձնել կոմիտեի թեժ գիծ դիմած քաղաքացիների բարձրացրած հարցերին, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել սպասարկման գրասենյակների աշխատանքներին  վերաբերող տեղեկատվություն և զեկուցել կատարված աշխատանքների արդյունքները: