Դեպի վեր
Նորություններ

17.01.2017

Տեղեկանք-սեղմագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին


    Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշմամբ 2016 թվականին   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարման  ենթակա միջոցառումները նախատեսվել են ծրագրի՝ 54-րդ, 55-րդ և գերակա խնդիրները՝ 27-րդ,  28-րդ կետերով:

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի՝

54-րդ կետով  սահմանված միջոցառմամբ նախատեսվել է 2016 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2016 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.05.2016թ. N 480-Ն որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է հողի հարկի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2 պարբերության և «Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:       

  ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշմամբ Հայաստանի Հարապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի, 2016 թվականի կադաստրային գները սահմանվել են ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607- Ն որոշմամբ սահմանված չափերով, որով ձևավորվել են Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող  հողերի 2016 թվականի հարկման բազաները: Այնուհետև՝ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465- Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին են տրամադրվել հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ամփոփ ցուցակները, որի հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է ընձեռվել  հաշվարկել և գանձել 2016 թվականի հողի հարկը:

 

 55-րդ կետով սահմանված միջոցառմամբ նախատեսվել է 2016 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2016 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներով:

    Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 13.10.2016թ . N 1059-Ն որոշումը՝ հաստատելով 2016 թվականի  հուլիսի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետության հողային հաշվեկշռում կատարված փոփոխություններն ու հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը: Հաստատվելուց հետո հաշվետվությունը հրապարակվել է և շահագրգիռ բոլոր անձանց համար ապահովվել է  դրանից օգտվելու  հնարավորություն:

    

 

Գերակա Խնդիրներ՝

        27-րդ կետով որպես գերակա խնդիր է սահմանվել «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկի և հողի հարկի 2017-2019 թվականների հարկման բազաների ձևավորում»-ը:

      «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների համաձայն շինությունների ու հողամասերի կադաստրային գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ, գնահատման  (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով և այն հիմք է ընդունվում հաջորդող երեք տարիների ընթացքում  շինությունների  և  հողերի հարկման բազան որոշելու համար:

       2016 թվականի հուլիսի 1-ի  դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա անշարժ գույքի կադաստրի համակարգի կողմից իրականացվել են հաջորդ երեք տարիների (2017-2019 թվականների) շինությունների ու հողերի կադաստրային գնահատություններ (վերագնահատություններ) և Հայաստանի Հանրապետության կառավարության 22.05.2003թ. N 641 և 19.04.2007թ. N 465 որոշումների պահանջների համաձայն շինությունների ու հողերի կադաստրային գնահատման (վերագնահատման) ամփոփ տվյալները, համապատասխանաբար՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը և օգոստոսի 1-ը, տեղադրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի՝ կադաստրի պետական կոմիտեի  էլեկտրոնային կայքում, որով ամբողջությամբ և սահմանված ժամկետում ապահովվել է սույն գերակա խնդրի կատարումը:

 

               28-րդ կետով որպես գերակա խնդիր է սահմանվել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) համար Երևան քաղաքում բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրում»-ը:

               Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ 2016 թվականի հունվարի 20-ին կայացած խորհրդակցության  N 24.10/{349675}-16 արձանագրության 2-րդ կետով հանձնարարվել է լրամշակել կադաստրի պետական կոմիտեի 2016 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագիրը, որի հիման վրա գերակա խնդիրների ցանկում ներառվել է նաև սույն գերակա խնդիրը՝ նախատեսելով, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում աշխատանքները  կարող են իրականացվել  երկու տարվա ընթացքում, որի ծախսերը կազմում են 689 միլիոն 411 հազար դրամ, որից առաջին տարվա /2016թ./ համար այն կազմում է 544 միլիոն 211 հազար դրամ:

               Սույն գերակա խնդրի նպատակը Երևան քաղաքում ժամանակակից պահանջները բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ներդրումն է: Այն հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների, այդ թվում՝

   -քաղաքաշինական,

  - բնապահպանական,

   -արդյունաբերական,

  - անշարժ գույքի կադաստրի,

   -տարածքների պլանավորման,

  -  հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման,

   - գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման,

  -  վարչական և տնտեսական գործունեության,

  -  անտառտնտեսության,

  -   արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ որոշումների կայացման,

   - համայնքի և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորման և այլ խնդիրների լուծման համար:

     Բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկը պարունակում է գրաֆիկակական և տեքստային հետևյալ տվյաները. 

-      Վարչական սահմանը. 

-      Աշխարհագրական անվանումները. 

-      Անշարժ գույքը, այդ թվում՝ հողային ֆոնդը, շինությունները, դրանց գտնվելու վայրը  /հասցեն/, կադաստրային ծածկագիրը. 

-      Ջրագրությունը. 

-      Ռելիեֆը. 

-      Գծային ենթակառուցվածքները, այդ  թվում՝ 

  • /երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ/ միջպետական, պետական, տեղական նշանակության/.
  • գազատարներ, ջրատարներ /վերգետնյա, ստորգետնյա/.
  • հեռահաղորդակցության կապուղիներ /վերգետնյա, ստորգետնյա/
  • բարձր լարման էլեկտրահաղորդագծեր /վերգետնյա, ստորգետնյա/
  • կոմունալ ենթակառուցվածքներ / վերգետնյա,  ստորգետնյա/  

Ընդ որում բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման ուղղությամբ Երևան քաղաքում աշխատանքներ իրականացվել են դեռևս 2005-2012 թվականների ընթացքում, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով դրանք չեն շարունակվել:

Չնայած կադաստրի պետական կոմիտեի կողմից բազմիցս բարձրացվել է նշված գերակա խնդրի իրականացման համար պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունը, սակայն առ այսօր այն չի լուծվել, հետևաբար այդ ուղղությամբ աշխատանքներ չէին կարող տարվել, ուստի խնդրում ենք, որ 2016 թվականի համար այն անհրաժեշտ է գնահատել որպես ավարտված: Հարկ է նկատի ունենալ նաև, որ կադաստրի պետական կոմիտեի 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում ներառվել  է «Հայաստանի Հանրապետության եկրատեղեկատվական համակարգի ներդրման ամբողջական գնման հայտի փաթեթի նախապատրաստում» գերակա խնդիրը, որի իրականացման ֆինանսական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ու անմիջական հսկողությամբ միջոցառումներ են ձեռնարկվում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: