Դեպի վեր
Նորություններ

20.02.2017

Համագործակցությունը շարունակվում է


 Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կադաստրի մարմինների միջև

 

Սույն թվականի փետրվարի 19-21-ը Հայաստանում կլինի   Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (ՌՈՍՌԵԵՍՏՐ) պատվիրակությունը՝ դաշնային ծառայության պետ և ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար տիկին Վիկտորիա Աբրամչենկոյի գլխավորությամբ:

Այսօր՝ փետրվարի 20-ին, հաշվի առնելով դաշնային ծառայության հետ բազմամյա համագործակցության շրջանակների ընդլայնման և կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի և ռուսական պատվիրակության ղեկավար Վիկտորիա Աբրամչենկոյի կողմից ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության հուշագիր Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև:

Երկկողմ համագործակցության շրջանակներում կայացած միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը և ՌԴ պատվիրակության ղեկավար տիկին Աբրամչենկոն:

Կարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու երկրների կադաստրի մարմինների համագործակցության շրջանակներում՝ պարոն Սարգսյանը նկատեց, որ հիշյալ փաստաթղթի ստորագրումը իրապես կնպաստի և հիմք կհանդիսանա Հայաստանի և Ռուսաստանի կադաստրի մարմինների միջև հետագա համագործակցության զարգացման, կառուցողական համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման:

          Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ տիկին Աբրամչենկոն նշեց, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի համակարգում անհերքելի է երկրատեղեկատավական համակարգի, գեոդեզիայի և քարտեզագրության  հարցերում առաջընթացը, ուստի ռուսական կողմը պատրաստակամ է օգտագործել Հայաստանի Հանրապետության  ուսանելի փորձը իր գործունեության մեջ:

          Ռուս պատվիրակության ղեկավարը հավելեց նաև, որ  իրենք ևս ցանկանում են հայ գործընկերների հետ կիսվել հեռահար տեխնոլոգիաների, պետական ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգերի ոլորտում ունեցած իրենց մասնագիտական հաջողություններով:

Մինչ հուշագրի ստորագրումը, երկօրյա այցի ընթացքում անցկացվելիք աշխատանքային հավաքի մասնակից կողմերից ոլորտի պատասխանատուները հանդես եկան կադաստրի համակարգին առնչվող շնորհանդեսներով և ներկայացրեցին  առավել արդիական խնդիրները և ոլորտում իրականացված համալիր բարեփոխումները:

Հուշագրի ստորագրման հիմնական նպատակը կադաստրի ոլորտում առաջավոր փորձի փոխանակումն է և համատեղ ծրագրերի իրագործումը:

Փաստաթղթի ստորագրմամբ կողմերը նախանշեցին համատեղ աշխատանքային գործունեության նոր ձևեր՝ տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կողմերի մասնագետների փոխադարձ ուսումնաճանաչողական այցեր, կողմերի մասնագետների հանդիպումներ փորձի և տեղեկատվության փոխանակման համար, համատեղ ժողովների անցկացում:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին