Դեպի վեր
Նորություններ

22.02.2017

Ճանաչողական շրջայցեր և հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


     Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից  կազմակերպվեց Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (ՌՈՍՌԵԵՍՏՐ) պատվիրակության անդամների ճանաչողական շրջայցը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան»  տարածքային ստորաբաժանում «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:

     Շրջայցի ընթացքում ռուսական կողմը գործնական հանդիպումներ և քննարկումներ ունեցավ ոլորտի տարբեր մասնագետների հետ, որոնց ընթացքում մեր համակարգի պատասխանատուների կողմից  հանգամանալից ներկայացվեցին կադաստրի ոլորտում իրականացված համալիր բարեփոխումները, կոմիտեի հիմնական նպատակները և ծրագրերը, ներկայացվեցին գրասենյակների, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների գործառույթները և տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառումը:

     Աշխատանքային քննարկման ընթացքում հայ և ռուս մասնագետները փորձի փոխանակման նպատակով քննարկեցին ոլորտում առկա հիմնախնդիրները և ներկայացրեցին դրանց հաղթահարման իրենց փորձն ու ընթացիկ աշխատանքները:

     Ռուս պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան հայոց մեծ ողբերգության մասին վկայող փաստաթղթերին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: