Դեպի վեր
Նորություններ

15.06.2017

Գնահատողների հանդիպում կադաստրի պետական կոմիտեում


Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը  աշխատանքային հանդիպման շրջանակներում հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության գնահատողների միության նախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը կից գնահատման խորհրդի անդամ  Սվետլանա Տաբակովային և  միության գործադիր տնօրեն Սերգեյ Զայկինին:

Հանդիպման նպատակն էր գործընկերների հետ քննարկել Եվրասիայի գնահատողների ասոցիացիայի և հայ գնահատողների համագործակցության հետ կապված հարցեր:

Կարևորելով անշարժ գույքի շուկայի մասնակիցների, գնահատողների հետ պարբերական համագործակցությունը, հանդիպումների ընթացքում բարձրաձայնվող թեմաները՝  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը նկատեց, որ կադաստրի պետական կոմիտեն մշտապես կարևորել է մասնագիտական նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:

Ողջունելով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ գնահատման ոլորտը համակարգող պաշտոնատար անձանց՝ ՌԴ գնահատողների միության ղեկավարը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ իրենց կարճատև այցը հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալ հայ գործընկերների աշխատանքին:

Այցի ընթացքում հյուրերը հանդիպեցին նաև Հայաստանի Հանրապետությունում գործող անկախ գնահատողների հետ, քննարկեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր:

Հանդիպման ընթացքում հյուրերը և կոմիտեի պատասխանատուները հանգամանալից ներկայացրեցին իրենց երկրներում առկա գնահատման շուկայի առանձնահատկությունները, տարբերությունները՝ կարևորելով փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունների ստեղծումը:

 

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին