Դեպի վեր
Նորություններ

29.06.2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղերձը համակարգի ստեղծման 20-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


Հարգելի գործընկերներ, հյուրեր, կադաստրի համակարգի աշխատակիցներ, նախ շնորհավորում եմ բոլորիս Կադաստրի պետական կոմիտեի 20-ամյակի և Հողաշինարարի ու գեոդեզիստի օրվա կապակցությամբ: Եվ այս հանդիսությունն էլ հարգանքի տուրք է ոլորտի անցյալի և ներկայի երախտավորների հանդեպ:

Պատվարժան մասնակիցներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նիստին ներկա մեր հարգարժան հյուրերին, կառավարության անդամներին, մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր միշտ բաց և պատրաստակամ համագործակցել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

 Առանց վարանելու և հպարտության զգացումով կարող ենք արձանագրել, որ մեր համակարգում լուրջ ձեռքբերումներն ու հիմնարար բարեփոխումները այլևս անժխտելի իրականություն են: Համակարգի աշխատակիցների նվիրվածության ու տարիների համբերատար աշխատանքի արդյունքը այսօր արդեն առարկայական է, տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: 

  Այսօր՝ 20-ամյակի նախաշեմին, մենք արդեն վստահաբար կարող ենք խոսել կայացած, արդիական և օրեցօր զարգացող համակարգի մասին, որը, անշուշտ, արգասիքն է ոլորտի նախկին և ներկա նվիրյալների հաստատակամ ու անձնվեր աշխատանքի:

Իրականությունը սքողելու մտայնություն կլինի կարծել, որ կադաստրի համակարգը անթերի է, իսկ այն կատարյալ տեսնելը ընդամենը մեր ցանկությունն է: Խնդիրը իրատեսորեն ներկայացնելուն և լուրջ բարեփոխումներին են միտված  մեր բոլոր ջանքերը:

Համակարգում ցանկալի արդյունքներ արձանագրելու համար պահանջվում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքը և  մասնագետների համախմբված աշխատանքը: Մենք չենք խուսափում խոսել կադաստրի համակարգում դեռևս տեսանելի խնդիրների և ռիսկերի մասին, քննարկել դրանց շուտափույթ  հաղթահարման արդյունավետ միջոցներն ու ուղիները:

Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, որն այսօր գոյություն ունի մեր աշխատանքում: Մենք պետք է շնորհակալանքի խոսքեր ասենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր կադաստրի համակարգում են: Անշուշտ արվածը արժանի և ճշմարիտ գնահատելը մարդկայնորեն և բարոյապես զորակցում է նվիրված ու բարեխիղճ աշխատողին: Խոստովանենք, որ աշխատանքային կենսագրությունից շատ բան է մոռացվում, բայց ամբողջ կյանքում հիշվում է գնահատանքի նույնիսկ մի ջերմ խոսքը: Սիրելի գործընկերներ, հոբելյանական այս հանդիսությունը բոլորդ ընդունեք իբրև երախտիքի խոսք ձեր վաստակի համար:

Այսօր Կադաստրի բարձրակարգ ու արագ սպասարկումը տնտեսության զարգացման համար հենման կետ է, իսկ հատկապես փոքր և միջին բիզնեսում կանաչ լույս է ժամանակը, նյարդերը և ֆինանսը խնայելու գործում:

Անառարկելի է, որ կադաստրի պետական կոմիտեն Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունները և իր առջև դրված խնդիրները կարող է հաջողությամբ իրականացնել միայն այն դեպքերում, երբ ունի բանիմաց, սկզբունքային, գործունյա ու նվիրյալ աշխատակիցներ: Անցած 20 տարիների ընթացքում մեծ ջանք է ներդրվել կառույցի կայացման և մասնագետներով համալրման ուղղությամբ: Անշուշտ օրեցօր փոխվում ու արագանում է կյանքի ռիթմը, և կադաստրը պետք է համընթաց քայլի իր տեխնիկական վերազինումով, մտավոր պոտենցիալով ու հավուրպատշաճին սպասարկումով:

Սա է առաջընթաց արձանագրելու միակ և ճիշտ ճանապարհը:

Շնորհակալություն բոլորիդ ձեր ամենօրյա քրտնաջան, հոգատար ու նվիրված աշխատանքի համար: Կադաստրի համակարգի յուրաքանչյուր աշխատակից օղակն է այն կուռ շղթայի, որի ամրությունով է կյանքի կոչվելու զարգացած կադաստրի համակարգ ունենալու մեր տեսլականը:

Հարգելի գործընկերներ, մաղթում եմ բոլորիդ գործնական ու անձնական հաջողություններ, նոր գաղափարներ ու մտահղացումներ, որոնք կիրագործվեն ի նպաստ կադաստրի համակարգի կայուն առաջընթացի: Համակարգի աշխատանքից գոհ և պետական կառույցներին վստահող քաղաքացի… Ահա թե որը կլինի մեր մեծագույն հաղթանակը: Շնորհակալություն: