Դեպի վեր
Նորություններ

29.09.2017

Շուկան առավել բնութագրող գործարքներն աճել են


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի հաշվետու ասուլիսը

 

Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ կոմիտեի տարեկան հաշվետվությանը, իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:

Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ հունվար-օգոստոս ամիսներին կադաստրի կոմիտե է մուտքագրվել 14.932գրություն, որից 910-ը քաղաքացիների դիմումներ են, իսկ 306-ը դիմում- բողոքներ: Կոմիտե մուտքագրված գրությունների քանակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5 %-ով:

Կոմիտեի ղեկավարության կողմից յուրաքանչյուր երկուշաբթի կոմիտեում  իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմումներ են ընդունվում՝ դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին կոմիտեում անցկացված ընդունելություններին մասնակցել է 100 քաղաքացի:

Հատկանշական է, որ 2017թ. հուվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է կադաստրի պետական կոմիտե ներկայացված դիմումների քանակի աճ, և ինչպես հավաստիացրեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը,  2016 թվականի վերջից դիմումատուներին հնարավորության ընձեռումը դիմումը ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում գրանցել անշարժ գույքը կամ ստանալ տեղեկատվություն, հանգեցրել է կադաստրի պետական կոմիտեի եկամուտների զգալի աճին:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առկա դինամիկային՝ Մարտին Սարգսյանը նշեց, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 110.291 գործարք, որոնց քանակը 2016թ.նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7%-ով: Անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները, բանախոսի հավաստմամբ, աճել են: Մասնավորապես, օտարման գործարքները աճել են 0.3%-ով, գրավադրման գործարքները՝ 11.8%-ով, իսկ վարձակալության գործարքները՝ 10.9%-ով:

Վերջին մի քանի ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ արձանագրվում է անշարժ գույքի նկատմաբ իրականացված գործարքների քանակների աճ: Մասնավորապես, 2017թ. հունիսին իրականացված գործարքների քանակը (15.581) 2016թ. հունիսի համեմատ աճել էր 5.1 %-ով, 2017թ. հուլիսին իրականացված գործարքների քանակը (15.048) 2016թ. հուլիսի համեմատ աճել էր 7.2%-ով, իսկ 2017թ. օգոստոսին իրականացված գործարքների քանակը (16.718) 2016թ. օգոստոսի համեմատ աճել է 11.2 %-ով:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը ներկաներին իրազեկեց, որ կադաստրի պետական կոմիտեն 2016թ.սեպտեմբերից մինչև 2017թ.սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ինչպես ՀՀ կառավարության գործունեության ծրագրերով, այնպես էլ ՀՀ վարչապետի որոշումներով և հանձնարարականներով նախատեսված մի շարք միջոցառումներ և գերակա խնդիրներ: Մասնավորապես, դեռևս իրականացման ընթացքում են Երևան, Գյումրի եվ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները: Հաջողությամբ ավարտվել են կոմիտեի գեոպորտալի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ճյուղային երկատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքները, ստեղծվել է Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգը, ստեղծվել է 5 անուն քարտեզ ուսումնական և զբոսաշրջային թեմաներով:

Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ անցած 1 տարվա ընթացքում հատկանշական իրողություն է այն, որ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կարգավիճակ է տրվել 7 ընկերության՝ <<Հայփոստ>>, <<Արդշինբանկ>>, <<Ամերիաբանկ>>, <<Կոնվերսբանկ>>, <<Անելիքբանկ>>, <<Հայէկոնոմբանկ>> և <<Արարատբանկ>>:

2017թ.փետրվար ամսից սկսած կոմիտեի համակարգում կազմակերպվել է նշված օպերատորների համապատասխան մասնագետների ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Գործնական դասընթացները կազմակերպվել են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում: Դասընթացների  ավարտից հետո օպերատորներին տրամադրվել է հավաստագիր, որի հիման վրա էլ վերջիններս նույնպես իրականացնում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները:

Կոմիտեի կողմից իրականացված բարեփոխումներից Մարտին Սարգսյանն առանձնացրեց մասնավորապես՝ դիմումների ընթացքի վերաբերյալ պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) ամբողջական տեղեկատվության տրամադրումը, դիմումի քննարկման ընթացքի ավարտման վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ ծանուցումը, ինչպես նաև սեփականատերերին կամ գրավառուներին կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ ներկայացված դիմումների վերաբերյալ ծանուցումը: