Դեպի վեր
Նորություններ

23.10.2017

Սևանա լճի հարցը օրակարգում է


Աշխատանքային հանդիպում-քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ

 

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի հրավերով կադաստրի պետական կոմիտեում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ոլորտից քաջատեղյակ այլ մասնագետներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Մասնակիցների համար ցուցադրվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված Սևանա լճի և հարակից տարածքների եռաչափ մոդելը և իրականացված աշխատանքների արդյունքում ստացված հաշվետվությունները ջրի մակարդակի բարձրացման դեպքում:

Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին, որ արդեն իսկ  «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքների արդյունքում թարմացվել են 2010-2017թթ. փոփոխությունները թվային քարտեզներում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հավաստիացրեց, որ իրականացված աշխատանքները հնարավորություն կտան հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ մասնագետները ներկայացրեցին նաև  ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի գեոպորտալում ընդգրկված նյութերը և դրանց օգտագործման հնարավորությունները:

Համատեղ քննարկումները ցույց տվեցին, որ համակարգը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների տնտեսական ծրագրերի արդյունավետ մշակմանը, գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտի զարգացման, անտառային և այլ բնական ռեսուրսների օգտագործման գործընթացների աջակցմանն ու արդյունավետ ղեկավարմանը: Հանդիպման արդյունքում որոշվեց նաև արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսել գեոպորտալին միանալու հնարավորություններ:

Բնապահպանության նախարար պարոն Մինասյանի առաջարկով Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի որոշ քարտեզագրական նյութեր բնապահպանական վերլուծություններ իրականացնելու համար կտրամադրվեն նախարարությանը:

Քննարկման ընթացքում փաստվեց նաև, որ նկատի ունենալով ներկայացվող նյութերի ծավալներն ու ոլորտների բազմազանությունը՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար նպատակահարմար է ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում Հայաստանի Հանրապետությունում միասնական երկրատեղեկատվական համակարգի ներդրման և կառավարման կենտրոն (ԵՏՀ կենտրոն), որում ընդգրկված կլինեն պատասխանատու մասնագետներ՝ ըստ ոլորտների: