Դեպի վեր
Նորություններ

21.02.2018

Մեկ միասնական քարտեզ ի շահ բոլորի


Պետությունը արդյունավետ խնայողությունների հնարավորություն կստանա


ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1479-Ա <<Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին>> որոշման պահանջներից ելնելով՝ սույն թվականի փետրվարի 21-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն անցկացրեց Միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչություններից հրավիրված պաշտոնատար անձինք:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ հրավիրված խորհրդակցության նպատակն է քննարկել հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման նպատակով  կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունները և նախնական ֆինանսական գնահատականները շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, օդալուսանկարների օգտագործումը համայնքների կադաստրային քարտեզների որոշակի անճշտությունների ուղղման և թարմացման աշխատանքները հետապնդում են մեկ նպատակ՝ ունենալ մեկ միասնական քարտեզագրական համակարգ կադաստրի աշխատանքի հետ առնչվող բոլոր գերատեսչությունների համար:

Անդրադառնալով ՀՀ ողջ տարածքում քարտեզագրման նախատեսվող աշխատանքներին՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարևորեց գեոպորտալի միջոցով ընդհանուր էլեկտրոնային հարթակի ստեղծումը,  ինչը հնարավորություն կտա կադաստրի կոմիտեի հետ առնչվող բոլոր գերատեսչություններին օգտվել մեկ միասնական քարտեզագրական հենքից և ունենալ իրենց անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվությունը՝ խուսափելով տարաբնույթ անճշտություններից և անհամապատասխանություններից: 

Կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում  2013-2014թթ ստեղծված օդալուսանկարները ծածկում են հանրապետության տարածքի միայն 53%-ը: Օդալուսանկարները բացակայում են հանրապետության սահմանամերձ տարածքներում և բարձրլեռնային զանգվածներում: Հանրապետության մարզերի շատ համայնքներ մասամբ կամ ամբողջությամբ ծածկված չեն այդ օդալուսանկարներով: Պարոն Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզների անճշտությունները կարելի է բաժանել 5 խմբերի՝ համայնքի դիրքի ընդհանուր շեղում իրականից, կադաստրային թաղամասերի շեղում, կադաստրային թաղամասերի ներսում հողամասերի շեղում, հողամասերի ներսում շինությունների շեղում կամ անհամապատասխանություն իրականի հետ, ինչպես նաև շինությունների և հողամասերի բացթողումներ քարտեզներից: Հանրապետության ողջ տարածքում օդային լուսանկարահանումներ իրականացնելու համար, համաձայն միջազգային տարբեր կառույցներ արված հարցումների, առավել  նպատակահարմար է 20սմ լուծաչափը, ինչը կբավարարի բոլոր շահառուների պահանջները: ՀՀ տարածքի օդային լուսանկարահանման, թվային բարձրունքային մոդելի ստացման և օրթոհատակագծերի ստեղծման համար կպահանջվի 1.1-ից 1.5 միլիոն եվրո, և ինչպես հավաստիորեն նշեցին խորհրդակցության մասնակիցները, արդյունքում պետությունը զգալի խնայողությունների հնարավորություն կստանա:

Իրավական կարգավորումներին անդրադառնալով՝ նախագահի տեղակալը, հետագա խնդիրներից խուսափելու համար կարևորեց նաև համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ պարոն Վ. Գևորգյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձավ ինչպես էներգետիկ գծային ենթակառուցվածքների, այնպես էլ հանքերի շահագործման բնագավառում ի հայտ եկած խնդիրներին (համադրումներին, կոորդինատային անճշտություններին):

 Նախարարի տեղակալը ողջունեց նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանան կարգավորել ստեղծված  խնդիրները:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Է. Գրիգորյանն իր խոսքում ևս փաստեց, որ մշակված և ամբողջական պատկեր ստանալու համար շատ կարևոր է մոբիլիզացնել բոլոր գերատեսչությունների հնարավորությունները և արդյունավետ օգտագործել ունեցած ռեսուրսները: Պարոն Գրիգորյանն իրավացիորեն նկատեց նաև, որ շատ կարևոր է նախարարույթուններում դրամաշնորհների նպատակային օգտագործումը:

Հանդիպման վերջում ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում քարտեզագրության ոլորտի մասնագետների և գիտական հաստատություննների ներկայացուցիչների հետ, որին շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել: Պարոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին և հորդորեց առաջարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել կադաստրի պետական կոմիտե: