Դեպի վեր
Նորություններ

27.02.2018

Քարտեզագրության ոլորտի մասնագետները կադաստրում


ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում դեռևս նախորդ շաբաթ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի կողմից  ՀՀ տարբեր գերատեսչություններից հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեց Միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքները, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել կադաստրի պետական կոմիտեի՝ թեմային առնչվող առաջարկությունները:

Թեմային առնչվող հանդիպում-քննարկում էր նախատեսվում նաև քարտեզագրության ոլորտի մասնագետների և գիտական հաստատություննների ներկայացուցիչների հետ, ինչը ևս օրեր առաջ կազմակերպվեց կադաստրի պետական կոմիտեում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչները:

Մարտին Սարգսյանը նախ ողջունեց գիտնականներին՝ կարևորելով կապը գիտության և պետական կառավարման մարմինների միջև, այնուհետև ներկայացրեց կոմիտեում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով կոմիտեում առկա խնդիրներին՝ կապված կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի մասնագետների ներգրավմանը պետական ծառայության մեջ: Կոմիտեի նախագահի կողմից համառոտ ներկայացվեցին անելիքները, որոնց միջոցով ակնկալվում է ճշգրտել կադաստրային քարտեզները, վեր հանել առկա խնդիրները, ինչին կնպաստեն նաև հանրապետության ամբողջ տարածքում իրականացվելիք օդալուսանկարահանման աշխատանքները:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կոմիտեի մասնագետների կողմից ներկայացվեցին նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի գեոպորտալում ընդգրկված նյութերը և դրանց հնարավորությունները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչը կարևորեց հողերի օգտագործման սխեմայի ստեղծումը ամբողջ ՀՀ տարածքի համար, որի հետ համակարծիք էին նաև կոմիտեի ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցների հետ քննարկվեցին նաև ուսանողների ավարտական աշխատանքներում և կրթության բնագավառի համար քարտեզագրական և կադաստրային տվյալների հասանելիության հարցը, և  կոմիտեի նախագահի կողմից հանձնարարական եղավ օրենքի շրջանակներում առաջարկել ձևաչափ վերոնշյալ նյութերի տրամադրման համար:

Կազմակերպված քննարկումը ցույց տվեց, որ կոմիտեի և կրթական ու գիտական հաստատությունների միջև համագործակցության լայն հնարավորություն կա, ուստի որոշվեց այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական: