Դեպի վեր
Նորություններ

28.03.2018

Նոր ծրագրային լուծումներ՝ հստակ ֆինանսական գնահատականներով


Օրակարգում է միասնական քարտեզագրական հենքի առավելությունները

           

Այսօր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն,  որին մասնակցում էին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո­լոգիա­ների, բնապահպանության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության նախարարությունների, ինչպես նաև քաղաքաշինության   պետական կոմիտեի պատասխանատուները:

Դեռևս փետրվարին կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի կողմից  անցկացվեց միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքները, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ներկայացնել կադաստրի պետական կոմիտեի՝ թեմային առնչվող առաջարկությունները: Հարկ է նշել, որ օրեր անց թեմային առնչվող հանդիպում-քննարկում անցկացվեց նաև քարտեզագրության ոլորտի մասնագետների և գիտական հաստատություննների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը նշեց, որ այսօրվա խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկել հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկությունները:  Պարոն Գրիգորյանը իր խոսքում համառոտ անդրադարձավ այն բոլոր առաջարկություններին, որոնք գերատեսչությունների կողմից ներկայացվել էին կադաստրի պետական կոմիտե: Մասնավորապես, քննարկումների ընթացքում  անդրադարձ է կատարվել կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներին Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի օրինակով: Այսպիսով, կադաստրի համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվեց առկա օդալուսանկարահանման նյութերի հիման վրա Հանրապետության 456 համայնքների կադաստրային քարտեզների ուղղումը իրականացնել կադաստրային թաղամասերի մակարդակով՝ համապատասխանեցնելով կադաստրային թաղամասերի սահմանագծերը  բնության մեջ առկա բնական արգելքների (ձորեր, ձորակներ, հեղեղատներ, գետեր, գետակներ, ջրբաժաններ), ինչպես նաև ճանապարհային ցանցերի,  ջրանցքների և այլնի հետ։

Խորհրդակցության վերջում կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը կներկայացնի ծրագիր, որը հնարավորություն կտա փուլային եղանակով և հստակ ֆինանսական գնահատականներով լուծում տալ առկա խնդիրներին: