Աշխարհագրական անվանումներ

Աշխարհագրական անվանումներ

2002-2007 թթ. իրականացվել է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառում և գրանցում, ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թթ. հաշվառվել են Հանրապետության շուրջ 40000 աշխարհագրական օբյեկտներ, որոնց մոտ 20%-ի անվանումներն օտարամուտ էին կամ անբարեհունչ: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հաստատել է երկրի 10 մարզերի և Երևանի աշխարհագրական օբյեկտների նոր անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2016 թթ. գրանցվել են ևս 1400 և ավելի աշխարհագրական օբյեկտների նոր անվանումներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 41400: 2005 թ.-ից առ այսօր անվանափոխվել են Հայաստանի 63-ից ավելի բնակավայրեր:

Հրատարակվել են մարզերի և Երևանի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները տրամադրվել են համապատասխան տեղական մարմիններին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: 2016 թ. նախապատրաստվել և հրատարակվել է տեղեկատուի անգլերեն տարբերակը: 2008 թ. սկսվել և 2011 թ. ավարտվել է նաև Հայաստանի տարածքից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների հայերեն մոտ 200000 անվանում պարունակող տեղեկատվական բանկի ստեղծումը։

2008-2010 թթ. հրատարակվել են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարանը և Աշխարհագրական  անվանումների  հայերեն  լեզվով էկզոնիմների ցանկը: 2011-2012 թթ. հրատարակվել են Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուն: 2017 թվականինի հրատարակվել և ՀՀ պետական կառավարման մարմիններին, գիտական և կրթական կազմակերպություններին են բաշխվել Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու բառարանը, ՀՀ պատմա-ճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարանը և ՀՀ լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատու-բառարանը: 2018 թ. նախապատրաստվել են Ասիայի և Աֆրիկայի ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանները, իսկ 2019 թ.՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ֆիզաշխարհագրական օբյեկտների առցանց տեղեկատու-բառարանները։ Հաշվառվել և ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել  Տավուշի մարզի  ֆիզաշխարհագրական 211 անվանումներ։

2020-2022 թթ. նախատեսվող աշխատանքի արդյունքում ակնկալվում է ունենալ ՀՀ աշխարհագրական անվանումների թարմացված պետական առցանց քարտադարան և հրատարակել Ավստրալիայի, Օվկիանիայի, Անտարկտիկայի ու Համաշխարհային օվկիանոսի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանը։

  • Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ
    1 MB