Դեպի վեր
Տեղեկատվության տրամադրում

  Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հանդիսանում է անշարժ գույքի կադաստրի հիմնական գործառույթներից մեկը: Այս հանգամանքը բխում է հենց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով տրված անշարժ գույքի պետական միասնական կադաստրի սահմանումից, որի համաձայն անշարժ գույքի պետական միասնական կադաստրը  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար վարվող և կադաստրային քարտեզներում (հատակագծերում) անշարժ գույքի միավորների սահմանների նկարագրության վրա հիմնված անշարժ գույքի մասին տեղեկությունների համակարգված միասնական պետական ռեեստր է:

  Անշարժ գույքի կադաստրի վարման գործընթացի բաղադրիչները հանդիսացող տարբեր գործառույթները, մասնավորապես` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, կադաստրային քարտեզագրումը, հողամասերի, շենքերի, շինությունների չափագրման տվյալների հավաքագրումը, ի թիվս այլ խնդիրների, նպատակաուղղված են  անշարժ գույքի մասին տեղեկությունների համակարգված միասնական պետական ռեեստրի տվյալների համալրմանը, արդիականացմանը և կադաստրային տվյալների անընդհատության և օբյեկտիվության ապահովմանը:

  Ինչպիսի՞ տեղեկատվություն կարելի է ստանալ անշարժ գույքի պետական միասնական կադաստրից: Այս հարցի պատասխանը կարելի է ներկայացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության տեսակները ամփոփելով: Մասնավորապես`

  • անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, որն իրենից ներկայացնում է գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածք: Միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները, ընդ որում, միասնական տեղեկանք տրամադրվում է միայն անշարժ գույքի այն միավորների վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 1998 թվականի մարտի 1-ից հետո:
  • անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որը ներառում է անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների, հողամասերի, շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի), ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացած որակական և քանակական բնութագրերի (մակերեսի չափը, նպատակային և գործառնական նշանակությունը, հողատեսքը, շինության կառուցման տարեթիվը, մաշվածության աստիճանը և այլն).
  • միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
  • շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն.
  • կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ.
  • կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
  • տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
  • գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների (աբցիս, օրդինատ, բարձրություն) վերաբերյալ տեղեկատվություն.
  • անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) շրջադարձային կետերի կամ անկյան կոորդինատների (աբսցիս, օրդինատ) վերաբերյալ տեղեկատվություն.
  • աշխարհագրական օբյեկտների անվանման վերաբերյալ տեղեկատվություն:

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով դիմել գրանցումն իրականացնող լիազոր մարմնին:

  Տեղեկատվության տրամադրման դիմումը պետք է ներառի նույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով սահմանված տվյալները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության էությունը որոշելու համար անհրաժեշտ տվյալները:

  Դիմումին կից ներկայացվում է տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը:

  Գրավոր դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է սպասարկման գրասենյակ, ընդ որում, այն կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Դիմումի հիման վրա նախապատրաստված տեղեկատվությունը ևս կարելի է ստանալ կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակից՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից կամ այն հանգամանքից, թե որ գրասենյակում է տրվել տեղեկատվության տրամադրման դիմումը:

Տեղեկատվության տրամադրման դիմումը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

  Արդյո՞ք բոլոր դեպքերում դիմումի հիման վրա տեղեկատվությունը ենթակա է տրամադրման: Ոչ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված են տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը: Մասնավորապես`գրանցումն իրականացնող լիազոր մարմինը մերժում է տեղեկատվության տրամադրումը միայն այն դեպքերում, եթե՝

1) տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն.

2) տեղեկատվությունը պարունակում է նույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն:

Միևնույն ժամանակ, գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է կասեցնել տեղեկատվության տրամադրումը` դիմումով տեղեկատվության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելու պատճառով: Մասնավորապես, անշարժ գույքի միավորը համարվում է նույնականացված, եթե դիմումի մեջ նշված է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ հասցեն կամ անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը և տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անունը (անվանումը):

Եթե դիմումը վերաբերում է որևէ աշխարհագրական տարածքում կամ որևէ ընդհանուր բնութագիր ունեցող չնույնականացված անշարժ գույքի միավորների վերաբերյալ ամփոփ, վերլուծական կամ այլ բնույթի տեղեկությունների տրամադրմանը, և հայցվող տեղեկատվությունը նախապատրաստելու համար գրանցող մարմինը պետք է կատարի անշարժ գույքի միավորների նույնականացման և տեղեկությունների որոնման կամ տարբեր ֆիզիկական կրիչների վրա գտնվող տեղեկությունների համադրման աշխատանքներ, ապա նման տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է 30-օրյա ժամկետում, որի մասին դիմումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը և տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նույնականացման ենթակա անշարժ գույքի միավորների քանակը: