Դեպի վեր
Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում

   Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմումները կարող են ներկայացվել նաև առցանց` www.e-cadastre.am կայքէջի միջոցով: Այդ նպատակով պետք է նախ գրանցվել www.e-cadastre.am կայքէջում` լրացնելով այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը: Վերջինս լրացնելուց հետո դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից կուղարկվի գրանցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ հղումը, որի միջոցով գրանցվողը կակտիվացնի իր գրանցումը:

   Կայքէջի միջոցով տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել «Դիմումներ» բաժնի «Դիմումի մուտքագրում» ծառայության միջոցով:

   Տեղեկատվության տրամադրման ծառայության համար վճարի մուծումը կարելի է իրականացնել ինչպես www.e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, այնպես էլ ARCA էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:

    Կայքէջի միջոցով տեղեկատվության տրամադրման դիմումներ ներկայացնելու դեպքում դիմողները հնարավորություն ունեն անմիջապես իրենց անձնական տիրույթում ծանոթանալ նաև այդ դիմումների հիման վրա հարուցված վարույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերի (միասնական տեղեկանք, այլ տեղեկանքներ) ոչ պաշտոնական օրինակներին, իսկ ավարտական փաստաթղթերի պաշտոնական օրինակները հնարավոր է ստանալ կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակից` անկախ դիմումի ներկայացման կամ դիմումի առարկա հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրից:

 

Բացի այդ, www.e-cadastre.am կայքէջում 2013 թվականի նոյեմբերի 1-ից գործարկվել են տեղեկատվության առցանց տրամադրման հետևյալ նոր էլեկտրոնային ծառայությունները`

Տեղեկատվության առցանց տրամադրում

Այս ծառայության միջոցով Դուք կարող եք առցանց հարցումներ կատարել այն անշարժ գույքի միավորների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու համար, որոնց նկատմամբ 2013 թվականի ընթացքում կատարվել են իրավունքների պետական գրանցումներ:

Հարցման նպատակով անշարժ գույքի միավորի նույնականացումը կատարվում է 2013 թվականի ընթացքում նշված միավորի նկատմամբ կատարված որևէ իրավունքի պետական գրանցման վկայականի համարի միջոցով: Միավորը նույնականացնելու համար անհրաժեշտ է փնտրման դաշտում մուտքագրել գրանցման վկայականի համարը, որի միջոցով անշարժ գույքի միավորը նույնականացվելու դեպքում էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է ընտրել տրամադրվող տեղեկատվության տեսակը:

Առցանց հարցման առարկա են հանդիսանում տեղեկությունների երեք հետևյալ համախմբերը`

1. Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր, որոնց մեջ ներառված են հողամասի և շինությունների նպատակային և գործառնական նշանակությունները, մակերեսները, կադաստրային արժեքը (գյուղատնտեսական հողամասերի զուտ եկամտի չափը):

2. Գրանցված իրավունքներ, որոնց մեջ ներառված են տեղեկատվության տրամադրման պահին անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքների և դրանց սուբյեկտների տվյալները:

3. Շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալներ. տեղեկությունների այս համախմբում ներառված են շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման համար հիմք հանդիսացող բոլոր բնութագրերի մասին տվյալները:

 

 Էլեկտրոնային կադաստրային քարտեզի տրամադրում

Գրանցվելով www.e-cadastre.am կայքէջում այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի կադաստրային քարտեզի հատվածը: Անհրաժեշտ տարածքի (քարտեզի հատվածի) ընտրությունը կատարվում է կայքէջում տեղադրված կադաստրային քարտեզների վրա համապատասխան տարածքը նշելու միջոցով, որից հետո մուծելով տեղեկատվության տրամադրման  վճարը, դիմողը հնարավորություն է ստանում կայքէջից ներբեռնել պատվիրված էլեկտրոնային քարտեզը: Հարկ է նշել նաև, որ նման դիմումների համար կայքէջում նախատեսված է տեղեկատվության վճարի մուծման երկու տարբերակ` հետվճարային և կանխավճարային: Առաջին դեպքում վճարումը կատարվում է կայքէջում պատվերը տեղադրելուց հետո` մինչև պատվիրված քարտեզի ներբեռնումը, որի դեպքում Ձեզ կտեղեկացվի նաև ներբեռնվող տեղեկատվության համար վճարման ենթակա գումարը` հաշվարկված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարների չափերի հիման վրա: Վճարի մուծման կանխավճարային եղանակը ընտրելու դեպքում դիմողը կարող է նախօրոք վճարել տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վճարը, ընդ որում, նախօրոք վճարված գումարի և տեղեկատվության տրամադրման համար գանձման ենթակա վճարի չափի միջև դրական տարբերության դեպքում, գումարի մնացորդը Ձեր անվամբ կպահպանվի կայքէջում  և կարող է օգտագործվել կայքէջում էլեկտրոնային ծառայությունների համար հետագա վճարումներ կատարելու նպատակով:  Վճարված գումարի և տեղեկատվության տրամադրման համար գանձման ենթակա վճարի չափի միջև բացասական տարբերության դեպքում դիմողը ծանուցվում է պակաս վճարված գումարի չափի վերաբերյալ և կարող է ներբեռնել պատվիրված տեղեկատվությունը միայն պակաս մուծված գումարը վճարելուց հետո: