Դեպի վեր
Հաշվառում

  Անշարժ գույքի հաշվառումը (չափագրումը) անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա ամրակայված շենքերի, շինությունների (այսուհետ` շինություններ) առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ հավաք տվյալների ստանալն է: Հաշվառման (չափագրման) ենթակա են հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների հաշվառումն (չափագրումն) իրականացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և կադաստրային գնահատման նպատակով: Հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները ենթակա են քանակական և որակական հաշվառման: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է` արտահայտված գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով: Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է կադաստրային քարտեզագրման և չափագրումների միջոցով: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների որակական հաշվառումն իրականացվում է հողամասի նպատակային և գործառնական նշանակության (հողատեսքերի), շինությունների նպատակային, գործառնական նշանակության, կառուցման տարեթվի, արտաքին հարդարման, ավարտվածության աստիճանի, շինանյութի տեսակի (պատերի, միջհարկային ծածկի, տանիքի) և այլ բնույթի որակական տվյալների հավաքագրման միջոցով:

  Անշարժ գույքի վերաբերյալ տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է`

 1) սկզբնական հաշվառում.

 2) ընթացիկ հաշվառում:

 Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է`

 1) անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.

  2) կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.

  3) անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.

  4) սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության ներդրումը:

 Անշարժ գույքի ընթացիկ հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերման, իրավունքների պետական գրանցման, կադաստրային գնահատման, ինչպես նաև կադաստրային քարտեզներում արտացոլելու նպատակով: Անշարժ գույքի քանակական տվյալների (մակերեսների, գծային չափերի, ծավալների, ձևի և այլն) հավաքագրման նպատակով իրականացվում է չափագրում:

 Պետական գրանցման համակարգում իրավունքի պետական գրանցում չստացած (այն է` 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում չունեցող) անշարժ գույքի միավորների, ինչպես նաև իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորների փոփոխման (միավորների բաժանում, միավորում, միավորի կազմում նոր ստեղծված կամ վերակառուցված շենքերի, շինությունների առկայություն և այլն) դեպքում, իրավունքի պետական գրանցմանը նախորդում են անշարժ գույքի (հողամասի և շենքերի, շինությունների) չափագրման աշխատանքները, որոնք մինչև 31.12.2011թ. իրականացվում էին բացառապես Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների հաշվառման բաժինների համապատասխան մասնագետների միջոցով: Ըստ էության, նշված գործառույթը «մենաշնորհային» էր, մինչդեռ այն բավականին արդյունավետ կարող էր իրականացվել նաև մասնավոր հատվածի կողմից` համապատասխան ուսուցում ստացած անձանց կամ կազմակերպությունների միջոցով:

 Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի սեպտեմբերի 30-ի N 307-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ն հրամանով հաստատված հրահանգի պահանջների համաձայն:

 Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և դրանց ներկայացվող պարտադիր պահանջները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 284-Ն հրամանով:

 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն, յուրաքանչյուր տարի ամփոփվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեին ներկայացված ընթացիկ հողային հաշվեկշիռները, կազմվում  է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա ընթացիկ հողային հաշվեկշիռը: Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ յուրաքանչյուր տարվա հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը, սահմանված կարգով շահագրգիռ նախարարությունների հետ համաձայնեցնելուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: