ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ հողերի օգտագործման և պահպանման, գեոդեզիայի և քարտեզագրության նկատմամբ, կիրառում պատասխանատվության միջոցներ` դրանց խախտումների բացահայտման դեպքում:
Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) իր իրավասությունների սահմաններում հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը։
Տեսչության գործառույթները
1. Տեսչությունը գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իր գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն գեոդեզիական և քարտեզագրական հետևյալ աշխատանքների նկատմամբ՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված գեոդեզիական, աստղագեոդեզիական, տիեզերագեոդեզիական, ծանրաչափական, տեղագրական, կադաստրային, ինժեներագեոդեզիական, աերոհանութային և քարտեզագրական աշխատանքների որակի ու նորմատիվային փաստաթղթերի պահանջների ապահովում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման, դրանց պահպանման և վերականգնման միջոցառումների ապահովում.
3) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովում, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանում.
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական, տեղագրական աշխատանքների իրականացում.
5) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (մարզեր, համայնքներ) սահմանազատման, սահմանների նկարագրության և ամրացման հետ կապված տեղագրագեոդեզիական աշխատանքների իրականացում.
6) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտում.
7) քարտեզների, ատլասների, հատակագծերի կազմման, հրատարակման, բազմացման սահմանված կարգի պահպանում.
8) հրատարակվող ատլասների ու քարտեզների վրա հանրապետության սահմանների և դրանց բովանդակության այլ տարրերի գրաֆիկ ուրվագծման, ինչպես նաև բնակավայրերի և աշխարհագրական օբյեկտների անվանումներ և տառադարձություններ.
9) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանում, նյութերի ու տվյալների բազմացում և օգտագործում, տեղեկատվության տրամադրում.
10) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում.
11) պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզագրական, գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի ստեղծման, թարմացման աշխատանքների իրականացում.
12) գեոդեզիական տվյալներից, հատակագծերից և քարտեզներից, օդալուսանկարահանման և տիեզերալուսանկարահանման նկարներից օգտվելու ժամանակ նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանում.
13) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման արդյունքում ստացվող տեղեկատվության, թվային, էլեկտրոնային և այլ ձևերով պահվող նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, բազմացման և դրանց օգտագործման սահմանված կարգի պահպանում.
14) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց ճյուղային ֆոնդերում, գեոդեզիական կետերի և աշխարհագրական օբյեկտների կոորդինատների, բարձրությունների հավաքագրման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն.
15) հերթապահ կադաստրային քարտեզների վարման աշխատանքների իրականացում.
16) գեոդեզիական կետերի պահպանման և վերականգնման նկատմամբ վերահսկողություն։
2. Տեսչությունը (հողերի օգտագործման մասով) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն`
1) հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ.
2) հողային օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ.
3) նոր հողերի յուրացման նկատմամբ։
3. Տեսչությունն օրենքով սահմանված դեպքում ու կարգով պարտադիր կատարման ցուցումներ է տալիս և նշանակում վարչական տույժեր, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ հողային օրենսդրության պահանջների կատարումը խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: