Դեպի վեր
Քարտեզագրություն, գեոդեզիա, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն

   Մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի N ՀՕ-247-Ն օրենքի ընդունումը, անշարժ գույքի չափագրման աշխատանքները կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» N 465 որոշմամբ:

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշման պահանջների համաձայն, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացվեցին արմատական բարեփոխումներ:

  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2012 թվականի հունվարից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործառույթն ամբողջությամբ մասնավորեցվեց, որի արդյունքում նշված աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` կադաստրի պետական կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք:

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը:

  Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի սեպտեմբերի 30-ի N 307-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 284-Ն հրամանի պահանջներին համապատասխան:

 

Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու  որակավորման վկայական ստացած անձանց գործունեության      վերահսկողություն

  <<Գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 12 և 14-րդ հոդվածներով պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից է նաև կադաստրային քարտեզը (հատակագիծը):  Կադաստրային քարտեզը (հատակագիծը) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումն է՝ համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որում պատկերված են անշարժ գույքի միավորները, դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցությունների ցանցերը և այլ տվյալներ: Կադաստրային քարտեզում (հատակագծում) նշված հողամասերի, շենքերի, շինությունների և այլ ամրակայված գույքի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները պետք է կապակցված լինեն Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 18. 02. 1998 թվականի N 98 որոշման 9-րդ և 10-րդ կետերի պահանջների համաձայն կադաստրային հատակագծերում անշարժ գույքի  վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրառումներին(յուրաքանչյուր սեփականության միավորի տրվում է առանձին կադաստրային համար, ծածկագիր):

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  26.02.2009 թվականի N 51-Ն հրամանի (Գրանցված է ՀՀ  արդարադատության նախարարության կողմից 28 ապրիլի 2009 թ. Պետական գրանցման թիվ 32209179) 7-րդ բաժնի պահանջների համաձայն կադաստրային քարտեզների թարմացումը իրականացվում է ժամանակի տվյալ պահին համապատասխան արդիական կադաստրային քարտեզներ ստանալու նպատակով և այն իրականացվում է նաև  նոր առաջացած, միավորված և բաժանված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ, երբ իրականացվում է տվյալ գույքը քարտեզում արտացոլելու գործընթացը: Տարածքային ստորաբաժանումների կողմից  գույքի գրանցման դեպքում կադաստրային քարտեզների տվյալ հատվածի վրա կատարվում են համապատասխան լրացումներ, որոնք փոխանցվում են կադաստրային քարտեզների տվյալների բազա:

<<Գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք, որոնց աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը սահմանված է  Հայաստանի Հանրապետության կառավարությության 29.09.2011թ. N1441-Ն որոշմամբ: Նշված գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայականի գործողության կասեցման համար հիմք է նաև կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը:

ՀՀ կառավարության 29.09.2011թ. N1441-Ն որոշմամբ հաստաված հավելված 1-ի համաձայն ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքները ներառում են՝  քարտեզագրական, գեոդեզիական, չափագրման և հողաշինարարական աշխատանքները:

Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձը պարտավոր է՝ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Քաղաքաշինության մասին»,  «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով ու սույն հավելվածում նշված պարտադիր պահանջներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  20.10.2011 թվականի N 284-Ն հրամանով (Գրանցված է ՀՀ  արդարադատության նախարարության կողմից 9 նոյեմբերի 2011 թ. Պետական գրանցման թիվ 32211484)  հաստատվել և մանրամասն նկարագրվել են հողամասի հատակագծի օրինակելի ձևը, հողամասի հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները, շինությունների հատակագծի օրինակելի ձևը, շինությունների հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները:

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի,  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի և կառավարության որոշման պահանջներից ելնելով,  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 18.06.2012 թվականի N 161-Լ, 02.09.2013 թվականի N 271-Լ, 27.12.2013 թվականի N 436-Լ, 26.12.2014 թվականի N 434-Լ, 16.01.2015 թվականի N 6-Լ, 02.02.2015 թվականի N 24-Լ, 30.12.2015 թվականի N 359-Լ և 30.12.2015 թվականի N 363-Լ հրամաններով կանոնակարգվել է ՀՀ տարածքում գործունեության որակավորման վկայականի գործողության կասեցման և դադարեցման  գործընթացը: Նշված օրենսդրական բազան  հիմք է ստեղծել սեփական նախաձեռնությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների  ներկայացված տվյալների իսկության մեջ հավաստիանալու նպատակով վերահսկողություն սահմանելու և օրենսդրության պահանջներից բխող  միջոցներ ձեռնարկելու համար: Ի կատարումն նշված հրամանների,  կոմիտեի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը  պարբերաբար ուսումնասիրել է Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ մուտքագրված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականներ ստացած անձանց կողմից կազմված հողամասերի, շինությունների հատակագծերը, ըստ անհրաժեշտության՝ տվյալ անշարժ գույքի փաստացի և փաստաթղթերում արտացոլված մակերեսների ճշգրտման նպատակով  տեղում կատարել չափագրումներ/հարուցման փուլ/:

 Ստեղծված աշխատանքային խմբի կողմից չափագրման տվյալների իսկության վերաբերյալ կասկածները հիմնավորվելու դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքները ներկայացվում են համապատասխան հանձնաժողովին: Վերջինիս կողմից որակավորման վկայական ունեցող անձի պարտադիր մասնակցությամբ դրանք քննարկվում են հանձնաժողովի նիստում  (քննարկման փուլ), որի արդյունքում հանձնաժողովի եզրակացության և առաջարկության հիման վրա կոմիտեի նախագահի հրամանով որակավորման վկայականի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է (ավարտական փուլ):

Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը (դրա հաստատված պատճենը):