Դեպի վեր
ՀՀ մշտական գործող ռեֆերենց կայանների ցանց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ

     Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին ստեղծվել է մշտապես գործող տասներկու ռեֆերենց կայաններից կազմված ցանց, որոնք հավասարապես բաշխված են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով: Ցանցը վերահսկվում է Երևան քաղաքում գտնվող կենտրոնի միջոցով:

     Հյուսիսային տարածքներում նախատեսվում է համագործակցություն Վրաստանի Հանրապետության մշտական գործող կայանների հետ:

     Կայանները գտնվում են՝

  1. Ալավերդի քաղաքում, Լոռու մարզ
  2. Արտաշատ քաղաքում, Արարատի մարզ
  3. Ապարան քաղաքում, Արագածոտնի մարզ
  4. Գավառ քաղաքում, Գեղարքունիքի մարզ
  5. Ախուրյան գյուղում, Շիրակի մարզ
  6. Իջևան քաղաքում, Տավուշի մարզ
  7. Խնձորեսկ գյուղում, Սյունիքի մարզ
  8. Մեղրի քաղաքում, Սյունիքի մարզ
  9. Սիսիան քաղաքում, Սյունիքի մարզ
  10. Վարդենիս քաղաքում, Գեղարքունիքի մարզ
  11. Եղեգնաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզ
  12. Արմավիր քաղաքում, Արմավիրի մարզ

     ՀՀ տարածքը «Ռեֆերենց կայանների» ծածկույթով ապահովելու համար ստեղծվել է՝

     40 կմ շառավղով 12 մշտական գործող կայան, որոնք տեղադրվել են հարմարավետ վայրերում: Այդ վայրերը ընտրվել են հաշվի առնելով`

  • հարևան ռեֆերենց կայաններով ծածկույթների հեռավորությունը (40 կմ),
  • խոշոր բնակավայրերի առկայությունը,
  • գլխավոր ճանապարհներով կապը,
  • օդերևութաբանական կայանների առկայությունը:

     Որպեսզի կայանների գործունեությունը լինի առավել արդյունավետ և աշխատի անխափան, իրական ժամանակում մշտական գործող կայանի տեղադրման վայրի ընտրության ժամանակ հաշվի է առնվել հետևյալ հանգամանքները`

  • երկնքի տեսանելիության ապահովումը,
  • ալեհավաքի կայունությունը,
  • ալիքների անդրադարձումը,
  • սարքավորումների պահպանությունը,
  • ֆիզիկական անվտանգությունը,
  • տեղադրման վայրի եղանակային պայմանները,
  • էլեկտրասնուցման և մայրուղային կապերի առկայությունը:

 

Կայանների տեղադիրքը

     Ըստ տեխնիկական պահանջների կայանները տեղադրվել են այնպես, որ դրանց միջև հեռավորությունները չեն գերազանցում 70 կիլոմետրը (բացառությամբ որոշ դեպքերի):

     Կայանների միջև եղած հեռավորությունը

     Մշտական գործող ռեֆերենց կայանների տեղադրումից հետո, Ազգային Աշխարհագրական Ինսիտուտի (ԱԱԻ Ֆրանսիա) կողմից ARMPOS համակարգի կայանների կոորդինատների հավասարակշռման համար իրականացվեց GNSS-ի 20 օրյա պարբերական դիտարկումների փուլ: Դիտարկումներն ընդգրկեցին ոչ միայն  ARMPOS-ի 12 մշտական գործող ռեֆերենց կայանները, այլև 8 գեոդեզիական կետերը` Ազգային արբանյակային ցանցի 0-ական և 1-ին դասի հիմնակետերը:

Հավասարակշռումն իրականացվել է Bernese GNSS v5.0 ծրագրային փաթեթի օգնությամբ:

     Կոորդինատները հաշվարկվել են (ITRF2008/IGS08) միջազգային ստանդարտների հիման վրա, որից հետո վերահաշվարկվել են ARMREF02-ի համակարգ` օգտագործելով որոշ ռեֆերենց կետերի կոորդինատների ուղղումները:

     ARMREF02-ը արբանյակային գեոդեզիական համակարգ է, որը համատասխանում է ITRF2000 2002.9 ժամանակաշրջանի (էպոխայի) հետ:

     Հաշվարկված կայանները

     IGS (International GNSS Service) տեղեկատվական համակարգի կոորդինացիոն միջազգային կենտրոնը ընթացիկ ITRF-ով իրականացրեց հավասարակշռման աշխատանքները ռեֆերենց 12 մշտական գործող կայաններն ընդգրկելով IGS տեղեկատվական համակարգի ընդհանուր ցանցի մեջ:

     Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ղեկավարումն իրականացվում է վերստուգիչ կենտրոնում` «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի տեխնիկական բազայում առկա հզոր սերվերի, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Մշտական գործող ռեֆերենց կայանները աշխատում են առանց ընդհատումների:

     Հայաստանի Հանրապետության մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ընդունիչները երկհաճախականի են:

     Հայաստանի Հանրապետության մշտական գործող ռեֆերենց բազային կայանների ցանցի ալեհավաքները ստանդարտ գեոդեզիական տեսակի ալեհավաքներ են:

     Յուրաքանչյուր մշտական գործող ռեֆերենց բազային կայանի կարևոր առանձնահատկություններն են՝

  1.Կայանը բաղկացած է GNSS ընդունիչից, արբանյակային ալեհավաքից, հոսանքի անընդհատ աղբյուրից, կապի միջոցից, որոնք տեղադրվում են անշարժ` նախապես պատրաստված տեղում:

  2.Կայանը աշխատում է անկախ (ավտոնոմ), առանց օպերատորի միջամտության: Կայանի ղեկավարումը իրականացվում է ավտոմատ, համակարգչի միջոցով, մասնագիտացված ծրագրային ապահովմամբ:

  3.Կայանում անընդհատ ձևավորվում են տվյալներ շարժական արբանյակային ընդունիչով կատարված չափումների հետագա մշակման համար, ինչպես նաև արբանյակային դիֆերենցված ուղղումներ սպառողների համար, որը հնարավորություն է տալիս ստանալ ճշտգրիտ տարածական կոորդինատներ իրական ժամանակում:

  4.Տվյալները կուտակվում են կայանում, արխիվացվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա` հետագա մշակման համար:

  5.Կայանը սպասարկում է 60-70 (որոշ դեպքերում մինչև 100) կիլոմետր շառավղով տարածքում գտնվող արբանյակային շարժական կայաններին, տրամադրում է տվյալներ իրական ժամանակում տարածական կոորդինատների ստացման համար: