Դեպի վեր
Միջազգային ծրագրեր

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՍՏԱՏԵՆՍ ԿԱՐՏՎԵՐԿ) «ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս Նորվեգիայի Կառավարության, 2012թ. հոկտեմբեր 24-ին դրամաշնորհ էր սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որի ընդհանուր տևողությունը 2.5 տարի էր:

Ծրագրի նպատակներն էին`

  • Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում
  • Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը և օրթոլուսանկարների ստեղծումը

Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն էին՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, ռազմատեղագրական քարտեզագրություն, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն:

Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի օդային լուսանկարահանումը և լազերային սկանավորումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները` GSD-20սմ ճշտությամբ: Իրականացվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման  աշխատանքներ:

Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես նպաստել են առկա քարտեզների ճշգրտման և նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

 

 

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՍՏԱՏԵՆՍ ԿԱՐՏՎԵՐԿ) «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՐԱՆՑՄԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ

 

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը Նորվեգիայի կառավարության անունից 2009 թվականի նոյեմբերի 5-ին հատկացրել է մինչև 10 000 000 նորվեգական կրոն (01.06.2010 դրությամբ - 1.560.000 ԱՄՆ դոլլար, 1.270.000 եվրո) «Անշարժ գույքի արդյունավետ գրանցում և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» ծրագրի իրականացման համար:

Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել լավ գործող և թափանցիկ գրանցման համակարգ գույքային իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև անշարժ գույքի` որպես փոխառության երաշխիք հանդես գալու միջոցով նպաստել անշարժ գույքի շուկայի զարգացմանը, ֆինանսավորմանը և վարկավորմանը:

Ծրագիրը նպատակաուղղված էր Հայաստանում կադաստրի վարման ընթացակարգերի ավտոմատացմանը:

Ծրագրի նպատակներից էր ներդնել եվրոպական չափանիշներով ստեղծված անշարժ գույքի և այլ քարտեզների ապահովման մի համակարգ՝ ԵՄ Ինսփայր դիրեկտիվներին համապատասխան:

 

 

 

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» 

ԿՐԿՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ


       Այս ծրագիրը համակարգում սկսել է իրականացվել 2003թ. մայիսից: Ծրագրի հիմնական նպատակն է եղել Հայաստանի անշարժ գույքի ոլորտի պետական կառավարման համակարգը համատեղելի դարձնել Եվրոպական Միության երկրների համանման կառույցների հետ: Ծրագիրը իրականացվել է Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ, Շվեդիայի և Ֆինլանդիայի հողի հանութագրման ազգային ծառայությունների կողմից:

 

 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ  "ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԿԱԴԱՍՏՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳԻՆ   ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԵՎ  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ"  ԾՐԱԳԻՐ


       2001թ. հոկտեմբերին Շվեյցարիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի հետ համատեղ 2001թ. դեկտեմբերից մինչև 2003թ. մայիս իրականացրել է «Անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության» ծրագիրը: Ծրագիրը իրականացվել է հետևյալ երեք հիմնական ուղղություններով`

  • Ժամանակակից գեոդեզիական սարքավորումների ձեռքբերում. 

      Այս բաղադրիչով ձեռք են բերվել բազմաթիվ գեոդեզիական սարքավորումներ, այդ թվում` 36 տախեոմետրեր, 100 դիստո հեռաչափիչ սարքեր և 4 GPS ընդունիչներ:

  • Համակարգի մասնագետների ուսուցում.

      Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվել են սեմինարներ գեոդեզիական գործիքների սպասարկման և շահագործման, ինչպես նաև թվային օրթոֆոտոքարտեզների արտադրության վերաբերյալ:

  • ՀՀ տարածքում օդային լուսանկարահանման աշխատանքների իրականացում. 

      Այս բաղադրիչով Հայաստանի տարածքի 1/3-ում իրականացվել են օդային լուսանկարահանման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի կողմից, որը համապատասխան մշակումից հետո Կոմիտեին կտրամադրի թռիչքի տարածքի լուսանկարները, իսկ Երևան քաղաքի համար նաև պատրաստի օրթոֆոտո քարտեզները:

 

ՇՎԵԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (SIDA)  «ԿԱԴԱՍՏՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»   ԾՐԱԳԻՐ


        1999 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պայմանագիր է կնքել Շվեդական «ՍԻԴԱ» զարգացման գործակալության» և «Սվիդսրվեյ» ընկերության հետ, համաձայն որի «Սվիդսրվեյը»  «ՍԻԴԱ»-ի կողմից ֆինանսավորման հաշվին 2000-2006թթ. ընթացքում իրականացրել է «Կադաստրի համակարգի զարգացումը Հայաստանում» ծրագիրը:
       Ծրագրի հիմնական խնդիրներն են` Հայաստանի գեոդեզիական ցանցի վերականգնումը, անշարժ գույքի մասսայական գնահատման ընդհանուր հիմունքների հաստատման աջակցումը, ուսումնական դասընթացների անցկացումը կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի շուկայական գնահատման, հողերի միավորման և այլ ուղղություններով:
Կոմիտեն 1998 թվականին պայմանագիր է կնքել նաև Շվեդիայի «Տեխնոլոգիայի Թագավորական Ինստիտուտի» հետ, համաձայն որի Շվեդական «ՍԻԴԱ» զարգացման գործակալության ֆինանսավորման հաշվին տարեկան մի քանի ուսանողներ են ուղարկվել Շվեդիա ուսանելու:

 

ԱՄՆ ՄԶԳ «ՀՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՄԱՆ»  ԾՐԱԳԻՐ


         Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կադաստրի համակարգի հետ համատեղ, 1998-2001թթ. ընթացքում իրականացրել է «Հողի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրման և գրանցման ծրագիր»: Ծրագրի շրջանակներում հանրապետության 50 համայնքներում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Բացի այդ ծրագրի շրջանակներում հանրապետությունում ներդրվել են «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման» և «Կադաստրային քարտեզների վարման» ավտոմատացված համակարգերը: Ծրագիրն ավարտվել է 2001 թվականի հունիսին:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»

        Ծրագրի շրջանակներում 1998-2003թթ. ընկած ժամանակահատվածի համար դրամաշնորհ է հատկացվել ՀՀ բյուջեին գյուղական համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման համար:


         Ծրագիրը բաղկացած է եղել երեք հիմնական մասերից.

  • Կադաստրային քարտեզագրում:
  • Սեփականության իրավունքի վկայականների և գրանցման միասնական մատյանների տպագրություն:
  • Ինֆորմացիոն կառավարման համակարգի գլոբալ համակարգչային ցանցի ներդրում և սպասարկում:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ»  ՎԱՐԿԱՅԻՆ  ԾՐԱԳԻՐ


         Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև կնքված «Անշարժ գույքի գրանցում» թիվ 3135 AM Վարկային Զարգացման համաձայնագրով աշխատանքներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով`

  • Կադաստրային հանութագրում
  • Տարածքային ստորաբաժանումների աշխատանքի աջակցում
  • Տիեզերական հանութագրում