Դեպի վեր
Կադաստրային գնահատում

    Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է օրենքով սահմանված կադաստրային գնահատման կարգերով: 1995թ. ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, անշարժ գույքի հարկման բազայի գնահատմանը վերաբերվող դրույթներում ներառվել էին կադաստրային գնահատման բանաձևեր, որոնց հիմքում ընկած էր խորհրդային ժամանակաշրջանի անշարժ գույքի նորմատիվներով խիստ ծանրաբեռնված գնահատման մեթոդը: Կադաստրային գնահատումը ներառվել էր նաև 1997 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այդ թվականներին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով կադաստրային գնահատումը կիրառվում էր բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների և կից, օժանդակ շինությունների գնահատման ժամանակ: Ավտոտնակների գնահատման դեպքում կիրառվում էր օժանդակ շինության համար սահմանված գնահատման կարգը, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման համար մոտեցումն այլ էր` իրավաբանական անձանց պատկանող այդ շինությունների գնահատման հիմքում դրվում էր դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ ֆիզիկական անձանց պատկանող շինություններն առհասարակ չէին գնահատվում, փոխարենը դրանց համար վճարվում էր հաստատագրված 3000 կամ 10000 դրամ գույքահարկ` կախված շինության նյութի տեսակից: «Գույքահարկի մասին» նախկին օրենքներով սահմանված չէին նաև բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների գնահատման կարգերը:

   2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին նաև առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների կադաստրային գնահատման կարգեր:

  2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որոշակիորեն կատարելագործվեցին կադաստրային գնահատման բանաձևերը, էականորեն ավելացան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անշարժ գույքի տեսակները: 1991 թվականից ի վեր, անշարժ գույքի շուկայական արժեքի փոփոխությունները ներառելու նպատակով, համապատասխան փոփոխություններ կատարվեցին շինության նյութի բազային արժեքներում, գնագոյացնող էական գործոնների գործակիցներում: Բացի այդ, առանձնացվեց ևս մեկ գոտի և Երևան քաղաքը բաժանվեց տարածագնահատման ինը գոտիների` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գործարար կենտրոնում անշարժ գույքի բարձր գները լավագույնս արտացոլելու համար:

   Հողի գնահատումը դրա կադաստրային գնի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական և տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացմանը, գոտիականությանը, նպատակային նշանակությանը համապատասխան: Հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների և դիտարկումների տվյալները: Հողամասերի կադաստրային գների տվյալները կիրառվում են հողի հարկը և վարձավճարները սահմանելիս և հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս: Հողերի գնահատումն իրականացվում է օրենքների և իրավական նորմատիվ ակտերի հիման վրա: