Դեպի վեր
Գեոդեզիա

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում գեոդեզիայի ոլորտում իրականացվող աշխատանքները

 

   ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և կազմակերպչական-կառուցվածքային բնույթի փոփոխությունները բացասական հետևանքներ թողեցին նաև գեոդեզիայի բնագավառում:

   Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո` տնտեսության վերակառուցման բարդ պայմաններում, նախկինում տարբեր ասպարեզներում բավականին արդյունավետ ընթացող գեոդեզիական աշխատանքները հայտնվեցին դժվար կացության մեջ, որն իր բացասական ազդեցությունը թողեց 70 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների վրա:

   Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցերը ստեղծվել են տասնյակ տարիների  ընթացքում` նախկին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից կենտրոնացված կարգով: Հայաստանի Հանրապետությունում բնագավառի քաղաքականությունն իրականացվում էր ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտի կողմից, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո բնագավառը տնտեսական և կազմակերպչական–կառուցվածքային բնույթի փոփոխությունների հետևանքով հետընթաց ապրեց:

   Պետական գեոդեզիական ցանցի կետերը դեֆորմացվել էին, հատկապես այն տարածքներում, որտեղ 1988թ. Սպիտակի երկրաշարժը թողել էր իր բացասական ազդեցությունը: Մինչդեռ գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերը հիմք են հանդիսանում, թե տեղագրական հանույթների և թե ռազմական պաշտպանողական խնդիրներ լուծելու համար:

   Իրադրությունը կտրուկ փոխվեց, երբ 2000թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգ:

  Կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002–2006 թվականների զարգացման ծրագիր», որում հիմնավորվեցին ինչպես Հայաստանի Հանրապետության պետական պլանային գեոդեզիական ցանցի հետազոտման, ճշգրտման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական բարձրունքային ցանցի վերակառուցման  հիմնախնդիրները:

   Ներկայումս ամբողջությամբ ավարտվել են գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքի համար Հայաստանի Հանրապետության պետական պլանային գեոդեզիական 2-րդ, 3-րդ և 4-րդ դասերի ցանցերի հետազոտման, ճշգրտման և կետերի կոորդինատների կատալոգների կազմման և հրատարակման (հայերեն և ռուսերեն լեզուներով) աշխատանքները, վերակառուցվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր բարձրունքային հիմքը, ներդրվել է WGS-84 (World Geodetic System) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը, ստեղծվել է նոր ազգային, արբանյակային, պլանային, գեոդեզիական ցանց: WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ընդգրկված բոլոր կետերի կոորդինատները հաշվարկվել և հավասարակշռվել են, կազմվել են կետերի կատալոգները և հրատարակվել: 0-ական դասի 5 կետեր ընդգրկվել են որպես EUREF-ի B կարգի կետեր և որոնց էլ տրվել է ARMREF02 պայմանական անվանումը: 

   Ներկայումս ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաների շնորհիվ երկրագնդի յուրաքանչյուր կետում, ինչպես նաև օդային տարածքում կոորդինատների և ժամանակի որոշման հասանելիությունը և պարզությունը բացել են նոր հնարավորություններ անսահմանափակ քանակությամբ շարժվող օբյեկտների վերահսկման և կառավարման համար ստեղծել գլոբալ նավիգացիոն համակարգեր: Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունը կայանում է նաև նրանում, որ հնարավորություն է ստեղծվում կառավարել տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտները, նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա:

   ՋիՊիԷս (GPS) և ԳԼՈՆԱՍՍ (ГЛОНАСС) ժամանակակից արբանյակային տեղադիրքի որոշման նավիգացիոն համակարգերի զարգացումը, սկզբունքորեն փոխելով գեոդեզիական չափումների տեխնոլոգիաները, զգալիորեն բարձրացնելով չափագրումների ճշտությունը և դրանց կատարման օպերատիվությունը, անհրաժեշտություն են առաջացնում Հայաստանի Հանրապետությունում ստեղծել նավիգացիոն համակարգ և ժամանակակից մշտական գործող ռեֆերենց կայանների ցանց:

    Հայասատանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակն է արբանյակային նավիգացիոն համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն ժամանակակից արբանյակային սարքավորումների հիման վրա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:

   Մշտական գործող ռեֆերենց կայանների գեոդեզիական ցանցը պետք է կազմի պետական արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակմախքը` միաժամանակ ապահովելով կոորդինատների որոշման բարձր ճշտություն:

   Հայաստանի Հանրապետության տարածքում նավիգացիոն համակարգերի և ռեֆերենց կայանների ցանցի ներդրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց կապահովի արբանյակային տեխնոլոգիաների, նավիգացիոն միջոցների և թվային կապի միջոցների կիրառումով ստացվող մեծ ճշգրտությամբ տվյալներով, աշխատանքների օպտիմալացումը, գեոդեզիայի և քարտեզագրության գործունեություն իրականացնող սուբյեկտների հասանելիությունը, այսինքն` օգտագործողները կունենան իրական ժամանակում  ավտոմատացված, բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ: