Դեպի վեր
ՀՀ պլանային հիմք

WGS-84 (ARMREF 02) ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

 

Վերջին տարիների ընթացքում գեոդեզիայի բնագավառը մեծ առաջընթաց է ապրում: Արտադրության մեջ ներդրվել են նոր թվային նիվելիրներ, ֆոտոգրամետրիկ կայաններ, էլեկտրոնային տախեոմետրեր և արբանյակային դիրքորոշման (Global Positioning Sistem) կայաններ: Նոր թվային տեխնոլոգիաների կիրառումը, ծրագրային փաթեթների առկայությունը կտրուկ բարձրացրել են գեոդեզիական չափումների ճշտությունը, ինչպես նաև կատարվող աշխատանքների արտադրողականությունը:

Հաշվի առնելով, որ արբանյակային տեխնոլոգիաները գործնական մեծ կիրառում են գտել գեոդեզիայի, գեոդինամիկ ուսումնասիրությունների, կադաստրի, տեղագրության, հողաշինարարության, նավիգացիայի և այլ ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխա նեցնելու և Համաեվրոպական կոորդինատային համակարգի կենտրոնական բյուրոյի հետ Համաեվրոպական համակարգին (EUREF) միանալու կապակցությամբ, 2002թ  մարտի 11–ի ՀՀ Կառավարության թիվ 225 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է WGS-84  գեոդեզիական կոորդինատային համակարգը:

WGS–84 գեոդեզիական կոորդինատային համակարգը դա երկրակենտրոն կոորդինատային համակարգ է, որը ստեղծվում է ժամանակակից արբանյակային բարձր ճշտության գործիք-սարքավորումների և տեխնոլոգիաների միջոցով, որը պայմանավորված է նավիգացիոն համակարգի հետագա կատարելագործման, այլ տեխնիկական լուծումների, ինչպես նաև բարդ ավտոմատացված գեոդեզիական սարքավորումների ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային տեխնոլոգիաների ընդհանուր զարգացման հետ:

Արբանյակային տեխնոլոգիաների ներդրումը գեոդեզիայի բնագավառում կտրուկ փոխել է դաշտային և գրասենյակային աշխատանքների իրականացման կազմակերպչական և տեխնիկական սկզբունքները:

Ներկայումս ստեղծված բազմաֆունկցիոնալ նավիգացիոն համակարգերը թույլ են տալիս հազարավոր և ավելի կիլոմետր գծային չափումների դեպքում ստանալ միլիմետրային ճշտություններ:

Նոր Global Positioning Systems արբանյակային դիրքորոշման համակարգը` GPS, ստեղծվել է ԱՄՆ-ում, որը հնարավորություն է տալիս որոշելու կետի X, Y, Z կոորդինատները: Ռուսաստանում ստեղծված նմանատիպ համակարգը կոչվում է ГЛОНАСС, իսկ եվրոպականը` GALILEO:

Գործնականորեն ճշտության բարձր աստիճան պահանջող աշխատանքները՝ պետական գեոդեզիական ցանցերի, ֆոտոգրամետրիական աշխատանքների հիմքի ապահովման, երկրակեղևի ձևախախտումների  հետազոտման աշխատանքների և զանազան այլ խնդիրների լուծման համար լայն կիրառում են ստացել  Magelan, Leica, Garmin, Trimble, Ashetch և մի քանի այլ ընկերությունների կողմից մշակված ու արտադրված արբանյակային դիրքորոշման կայանները (ԱԴԿ) ու նրանց դիտարկման տվյալների մշակման համար ստեղծված Leica Geo Office Combined 7.0 ծրագրային փաթեթի միջոցով:

Հանրապետությունում առկա շվեցարական Leica ընկերության արբանյակային դիրքորոշման կայաններն իրենց տեխնիկական ցուցանիշներով դասվում են ճանաչում ունեցող  կայանների շարքին:                                                                 

ՀՀ տարածքում GPS արբանյակային դիրքորոշման ընդունիչներով դիտարկված WGS-84 (ARMREF 02)  ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի /0-ական դասի - 5, 1-ի դասի - 41, 2-րդ դասի -1069/ կետերը  հավասարակշվել և կոորդինատները հաշվարկվել են (ITRF2008/IGS08) ստանդարտ միջազգային ռեֆերենց շրջանակներում:

2004 հունիսի 1-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած սիմպոզիումում ՀՀ տարածքում WGS-84 0-ական դասի հավասարակշռված 5 կետերը ընդգրկվել են Համաեվրոպական EUREF-ի համակարգում, որպես B կարգի կետեր: Նոր ռեֆերենց ցանցին տրված է ARMREF 02 անվանումը:

Հայաստանի Հանրապետության տարածքում GPS արբանյակային տեխնոլոգիաներով WGS-84 (ARMREF 02)  ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի ստեղծման սխեմա  

 

Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցը հնարավորություն է տալիս լուծել հանրապետությունում գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտական և  տնտեսական բոլոր խնդիրները:

2006 թվականին WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջությամբ ներդրվել է:

2009 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1720-Ն և 1721-Ն որոշումներով հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և Հայաստանի Հանրապետություն մշտական գործող ՋիՊիէս (GPS) (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագրերը: 

Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին ստեղծվել է մշտապես գործող ռեֆերենց կայանների ցանց տասներկու ռեֆերենց կայանների համար, որոնք հավասարապես բաշխված են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով և մեկ վերահսկման կենտրոն` Երևան քաղաքում:

«ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 791-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 763-Ն որոշմամբ հստակեցվեց հանրապետության գեոդեզիական աշխատանքներում կիրառվող WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգի անվանումը: