Դեպի վեր
Աշխարհագրական անվանումներ

  2002-2007 թվականների ընթացքում իրականացվել և ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ, որոնց մոտ 20%-ը` օտարամուտ և անբարեհունչ անվանումներ էին: ՀՀ կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2016 թվականներին գրանցվել են ևս 1400 և ավելի աշխարհագրական օբյեկտների նոր անվանումներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 41400 անվանում: 2005-2006 թվականներին անվանափոխվել է Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրի անվանում: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: 2016 թվականին նախապատրաստվել և հրատարակվել է գազետիրի անգլերեն տարբերակը:

   2008 թվականից սկսվել և 2011 թվականին ավարտվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերեն լեզվով տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները: Աշխատանքների արդյունքում ստեղծվել է մոտ 200 000 աշխարհագրական օբյեկտների անվանում պարունակող տեղեկատվական բանկ:

  Այս բնագավառում ևս կարևոր են հրատարակչական աշխատանքները: 2008-2010 թվականներին հրատարակվել են «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան»-ը, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան»-ը և «Աշխարհագրական  անվանումների  հայերեն  լեզվով  էկզոնիմների ցանկ»-ը:

Այս աշխատանքները դարձան շարունակական և 2011-2012 թվականներին հրատարակվեցին Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուն:

Վերջին տարիներին հրատարակվեցին և բաշխվեցին ՀՀ պետական կառավարման մարմիններին, գիտական և կրթական կազմակերպություններին Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու բառարանը, ՀՀ պատմա-ճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարանը և ՀՀ լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատու-բառարանը: