Դեպի վեր
ՀՀ բարձունքային հիմք

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՔԻ I  և II ԴԱՍԵՐԻ ՆԻՎԵԼԻՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

     Հայաստանի Հանրապետության տարածքում գիտական և գործնական աշխատանքների իրականացման համար գլխավոր բարձունքային հիմք են հանդիսանում I և II դասի նիվելիրային ցանցերը:

    Պետական նիվելիրային ցանցերն անհրաժեշտ են կատարվող բոլոր մասշտաբի տեղագրական հանույթների և գեոդեզիական չափումների համար, որոնք բավարարում են  տնտեսության, աստղագեոդեզիական, աերոտիեզերահանույթային աշխատանքների և պաշտպանության պահանջները:

Հայաստանի Հանրապետության տարածքում I և II դասի նիվելիրային ցանցերը ստեղծվել են նախկին ԽՍՀՄ օրոք և կազմում էին ԽՍՀՄ ընդհանուր բարձունքային ցանցի մի մասը:

    Հայաստանի Հանրապետության տարածքում I և II դասերի նիվելիրային աշխատանքները կատարվել են ԽՍՀՄ Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության N 4, N 11, N 16  ձեռնարկությունների, այնուհետև ՀայՊետԻԳՀՆԻ-ի կողմից:

    Հայաստանի Հանրապետության պետական բարձունքային I և II դասերի նիվելիրային ցանցերի հավասարակշռումը կատարվել է ԽՍՀՄ Գեոդեզիայի, քարտեզագրության և աերոֆոտոնկարահանման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ЦНИИГАиК) կողմից:

   Ընթացքները կազմում էին ԽՍՀՄ բարձունքային ցանցի պոլիգոնների մի մասը: Քանի որ I դասի նիվելիրային ցանցի հավասարակշռման աշխատանքներն իրականացվում էին 20-25 տարին մեկ, ապա վերջին համատեղ հավասարակշռման արդյունքում ստացվեց նորմալ բարձրությունների նոր համակարգ, որն անվանվեց Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգ:

   Հայաստանի Հանրապետության պետական նիվելիրային ցանցերի համակարգի բացարձակ բարձրության զրոյական նիշ է հանդիսանում Կրոնշտադտի ֆուտշտոկը: 

    Ինչպես նշեցինք, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի բնագավառը զարգացում չէր ապրել տնտեսական, կազմակերպչական և կառուցվածքային բնույթի փոփոխությունների հետևանքով: Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցը վերջին 15-20 տարիների ընթացքում չէր հետազոտվել և գտնվում էր անմխիթար վիճակում: Իրադրությունը կտրուկ փոխվեց 2000 թվականից: «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2001 թվականին իրականացվեցին Հայաստանի Հանրապետության պետական բարձունքային I և II դասերի նիվելիրային ցանցերի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման, հետազոտման աշխատանքները:

   Հետազոտման աշխատանքների ավարտից հետո պարզվեց, որ  I  դասի նիվելիրային  հենանիշերի պահպանվածությունը կազմում է 56 %, իսկ II դասինը` 55% (ընդհանուր պահպանվածությունը` 55.5%):

   Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի վերակառուցման համար կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձունքային ցանցի I և II դասի վերակառուցման սխեման` հինգ փակ ընթացքների (պոլիգոնների) տեսքով, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում հավասարակշռման աշխատանքները դիտարկելու որպես անկախ  ինքնուրույն ցանցեր:

Հայաստանի Հանրապետության պետական բարձունքային ցանցի վերակառուցման սխեմա 

 

    Պետական բարձունքային ցանցում ընդգրկվել են WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 1-ին և 2-րդ դասի ցանցի  հիմնակետերը, որով կապ է ստեղծվել Բալթյան 1977թ. բարձունքային և համաշխարհային բարձունքային համակարգերի միջև:

    Նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրումը արտադրությունում, ինչպես նաև նոր մեթոդների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գեոդեզիայի ոլորտում: Հայաստանի Հանրապետության պետական բարձունքային ցանցի I և II դասի վերակառուցման նիվելիրային աշխատանքներն իրականացվել են Շվեյցարական Leica ֆիրմայի NA-3003 երկու թվային նիվելիրներով` օգտագործելով ստվերագծված ինվարային GPCL3, ինչպես նաև GWCL182 (պատային) տիպի չափաձողերը: 0.4 մմ ճշտությամբ NA-3003 թվային նիվելիրը կարող է կիրառվել ոչ միայն I և II դասերի նիվելիրացման ժամանակ, այլ նաև դեֆորմացիաների դիտարկումների և այլ բարձր ճշտություն պահանջող աշխատանքներում:

    2006 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բարձունքային ցանցի I և II դասերի նիվելիրային աշխատանքներն ավարտվել են: 2007 թվականին իրականացվել է I և II դասերի  բարձունքային ցանցերի համատեղ վերջնական հավասարակշռումը, 2008 թվականին կազմվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր բարձունքային հիմքի կատալոգը:

    Գեոդինամիկական պոլիգոններում դիտարկումները պահանջում են բարձր ճշտություն և գիտական վերլուծություն, որը կարելի է ապահովել նոր ժամանակակից գեոդեզիական տեխնոլոգիաների և բարձր ճշտության գործիքների կիրառման միջոցով: Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը` անհրաժեշտություն է առաջանում կատարել գեոդինամիկական պետական նշանակության դիտարկումներ և գիտահետազոտական վերլուծություններ:

      Հայաստանի տարածքը գտնվում է արաբական և եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) արաբական պլատֆորմը շարժվում է եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3 մմ/տարի արագությամբ: Այդ շարժման պատճառով տեղի է ունենում Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում` ընդհանրապես, իսկ Հայաստանում` մասնավորապես, երկրակեղևի մշտական դեֆորմացիա: ԱՄՆ-ի և Ճապոնիայի նման տեխնիկապես զարգացած երկրներում անգամ վերջին հարյուրամյակի ընթացքում լուրջ առաջխաղացումներ տեղի չեն ունեցել երկրաշարժերի կանխագուշակման խնդրի լուծման գործում:

      Հայաստանի Հանրապետության գլխավոր բարձունքային հիմքի հիման վրա երկրաշարժավտանգ գոտիներում հնարավոր է ստեղծել հատուկ պոլիգոններ: Հայաստանի տարածքը կազմում է 29.8 հազ. կմ2, որտեղ գոյություն ունեն 6 ակտիվ երկրաբանական խզվածքներ: Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական  չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու  համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող բարձրակարգ նիվելիրային ընթացքներ և GPS դիտարկումներ, ժամանակակից ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

        Սպիտակի երկրաշարժից հետո ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտում առաջին անգամ մշակվեց յուրահատուկ տեխնիկական նախագիծ Երևանի տարածաշրջանում Գառնիի ակտիվ խզվածքի (Երևանից 22 կմ) և Փարաքար-Այնթափ հատվածում I դասի նիվելիրային պարբերական դիտարկումներ իրականացնելու նպատակով: Աշխատանքների հիմնական նպատակն էր փուլային դիտարկումների հիման վրա ստացված անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը, ինչպես նաև տրամադրումը սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետների: Իրականացվեցին մի քանի փուլով դիտարկումներ, սակայն ԽՍՀՄ փլուզման հետևանքով այդ աշխատանքներն իրենց անհրաժեշտ շարունակությունը չունեցան ֆինանսավորման բացակայության պատճառով:

       2008 թվականից սկսած Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում  իրականացվել են փուլային դիտարկումներ` յուրաքանչյուր փուլը մեկ տարում: Աշխատանքներն ավարտելուց հետո կատարվել է ստացված արդյունքների համադրում և գիտական վերլուծություն:

    Համեմատելով I դասի նիվելիրային դիտարկումների ներկա և նախկին տարիներին իրականացված վերազանցումների ամփոփագրերը, ինչպես նաև այդ կետերի դրոշմանիշերի և հենանիշերի վերջնական հավասարակշռված բարձրությունները` կարելի է պատկերել երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժի արագության գրաֆիկը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել երկրակեղևի փոփոխությունը:

    Հայաստանի Հանրապետությունում Ազգային գեոդեզիական ցանցը կապակցվել է Պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցին, արդյունքում ստացված տվյալներով հաշվարկվել է տարածքի Քվազիգեոիդի նախնական մոդելը, որն ապահովում է գեոդեզիական բարձրություններից նորմալին անցումը 2-8 սմ ճշտությամբ:

    ՀՀ տարածքի որոշ բարձրադիր շրջաններում նախատեսվում է իրականացնել GPS դիտարկումներ և II դասի նիվելիրային  աշխատանքներ: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձրությունների` բարձր ճշտությամբ` հնարավորություն տալով խնայել ժամանակ և ֆինանսական միջոցներ:

    Երկրակեղևի ուղղահայաց շարժումներն ուսումնասիրելու նպատակով նախատեսվում է իրականացնել GPS Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերի և I դասի նիվելիրային աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա նաև թարմացնել նախկինում կատարված նիվելիրային տվյալներն ու ցանցը պահել արդի վիճակում, ինչպես նաև ստանալ հիմնակետերի բացարձակ բարձրությունները, ՀՀ տարածքի համար քվազիգեոիդի մոդելի ճշգրտման նպատակով: 

      Երկրակեղևի հորիզոնական շարժումներն ուսումնասիրելու նպատակով նախատեսվում է իրականացնել Արբանյակային գեոդեզիական ցանցի նախկինում դիտարկված և նոր տեղադրվող հիմնակետերի դիտարկման աշխատանքներ GPS ընդունիչներով,  ինչը հնարավորություն կտա այն նույնպես պահել արդի վիճակում:

       Սեյսմատեկտոնիկ ակտիվ խզվածքների գոտում նախատեսված համալիր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար, 3 փուլով` տարեկան 1 փուլ:

   Աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ):

    Սպիտակի տարածաշրջանի խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրային և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին  անհրաժեշտ տվյալներ:

        2013 թվականից սկսվել են աշխատանքները Սպիտակի գեոդինամիկական պոլիգոնում:

2014 և 2015 թվականներին իրականացվել են Սպիտակի տարածաշրջանի գեոդեինամիկական պոլիգոնի առաջին և երկրորդ փուլերի GPS դիտարկման ու I դասի նիվելիրացման աշխատանքները` ընդհանուր տարածաշրջանի և խզվածքների հատվածներում: 2016 թվականին իրականացվում է նույն տարածաշրջանի երրորդ փուլի GPS դիտարկման և I դասի նիվելիրացման աշխատանքները:Աշխատանքի արդյունքները ու վերլուծական նյութերը կտրամադրվեն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: