Դեպի վեր
Շենքերի և շինությունների կադաստրային գնահատում

Անշարժ գույքի կադաստրային գնահատման հիմնական նպատակը գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորումն է: Գույքահարկի և հողի հարկի բազաները կարևոր նշանակություն ունեն համայնքների բյուջեների ձևավորման հարցում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 1994 թվականին ընդունված «Հողի հարկի մասին» և 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կադաստրային գնահատման կարգերով: Կադաստրի համակարգի ստեղծման (1997թ.) օրվանից ի վեր անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

  Շենքերի, շինությունների կադաստրային գնահատում` գույքահարկի հաշվարկման նպատակով.

  Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կադաստրային գնահատման, գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերն են.

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը հաստատելու մասին» N 645-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը սահմանելու մասին» N 1194-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության, շենքերի և շինությունների դասակարգումը» N 108-Կ հրաման:

   «Գույքահարկի մասին» նախկին օրենքով սահմանված չէին հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների գնահատման կարգերը:
    2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին կադաստրային գնահատման նոր կարգեր, որոշակիորեն կատարելագործվեցին կադաստրային գնահատման բանաձևերը: 1991 թվականից ի վեր համապատասխան փոփոխություններ կատարվեցին շինության նյութի բազային արժեքներում, գնագոյացնող էական գործոնների գործակիցներում` անշարժ գույքի շուկայական արժեքի փոփոխությունները ներառելու նպատակով: 
  «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար: Ձևավորված հարկման բազաները կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրվում են գույքահարկ վճարողներին, հաշվառող մարմիններին (տեղական ինքնակառավարման և հարկային պետական ծառայության տարածքային մարմիններ):