Դեպի վեր
Առաջին պետական գրանցում

  Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշման հիման վրա հանրապետությունում 1999 թվականից սկսվեցին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները:

   Հիմնվելով հանրապետությունում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալների վրա՝ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները հանդիսանում են պետական գրանցման նոր համակարգի անցման կարևորագույն քայլերից մեկը, որը հնարավորություն տվեց հավաքագրել անշարժ գույքի միավորների որակական և քանակական, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ առավել ամբողջական և հավաստի տվյալները:

   Հանդիսանալով անշարժ գույքի կադաստրի համակարգի կայացման հիմնական տարրերից մեկը՝ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվում են անվճար` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

    Իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացումը կարևոր խթան հանդիսացավ նաև հանրապետությունում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, քանի որ անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, որոնք նախկինում փաստորեն դուրս էին մնացել քաղաքացիաիրավական շրջանառությունից իրավունք հաստատող համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, բերվեցին իրավական, հետևաբար և հարկման դաշտ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հատկացված չափերից ավել օգտագործվող, օրենսդրության խախտումներով տրամադրված (օտարված) հողամասերին: Այսպես, իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթների կիրառման արդյունքում քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց տրամադրվեց շուրջ 56 հազար հեկտար հողամաս:

   Ընդհանուր առմամբ մինչև 01.01.2014 թվականը առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում գրանցվել է շուրջ 1650 հազար անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքներ: Չնայած գրանցված գույքի մեծ քանակին, իրավունքների պետական գրանցման աշխատանքների ընթացքում չհաջողվեց ամբողջությամբ կարգավորել գրանցմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից են մասնավորապես`

  • տարբեր պատճառներով չօրինականացված ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների մեծ քանակը,
  • ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությունը (քաղաքային համայնքներում),
  • համասեփականատերերի վերաբերյալ տեղեկանքների բացակայությունը,
  • հողամասերի սեփականատերերի անհայտ լինելը,
  • գծային ենթակառուցվածքների օտարման գոտիներում գտնվող հողամասերը,
  • չբացված ժառանգությունները,
  • չներկայացված օտարման պայմանագրերը,
  • համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի տարանջատումը ըստ սեփականատերերի (ոչ բնակելի տարածքներ, բացվածքներ և այլն):

   Վերը նշված խոչընդոտները հիմնականում վերաբերում են հանրապետության քաղաքային բնակավայրերում տեղակայված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետության իրավական դաշտը սահմանում է նշված խոչընդոտների վերացման հիմքերն ու ընթացակարգերը, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում անշարժ գույքի շուկայի զարգացման տեմպերը՝ բարձր հավանականությամբ կարելի է ակնկալել, որ նված խոչընդոտների մեծ մասի վերացումը հնարավոր կլինի անշարժ գույքի նկատմամբ իրավունքնրի ընթացիկ գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում: