Դեպի վեր
Կադաստրային քարտեզագրություն

        Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրման նպատակով 1998-2005 թվականնների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության` կադաստրային քարտեզները համարվում են գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից մեկը, որոնցում արտահայտվում են անշարժ գույքի միավորները, դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, կադաստրային ծածկագրերը, տեսքերն ու տեսակները: Քարտեզագրման աշխատանքները կատարվել են` օգտագործելով ժամանակակից գեոդեզիական սարքավորումներ` էլեկտրոնային տախեոմետրեր, արբանյակային դիրքորոշման կայաններ (GPS), որոնց կիրառումը թույլ է տալիս առանց միջանկյալ հաշվարկներ կատարելու ստանալ որոշվող կետերի կոորդինատները բարձր ճշտությամբ, ինչպես նաև ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով հագեցված ավտոմատացված համակարգերում ստանալ տարբեր մասշտաբներով և թեմատիկ շերտերով էլեկտրոնային կադաստրային քարտեզներ: Հանութագրման աշխատանքներն իրականացվել են բնակավայրերի ներսում` 1:500, 1:1000 և 1:2000 մասշտաբներով, իսկ բնակավայրերից դուրս տարածքներում` 1:2000, 1: 5000, 1: 10000 մասշտաբներով` ելնելով տեղանքի բնույթից:

    Կադաստրային քարտեզագրման աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են Եվրահամայնքի պարենային ապահովության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային, ինչպես նաև Համաշխարհային Բանկի վարկային ծրագրերով` համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով:

      Ամբողջությամբ ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր 915 (ՀՀ համայնքների խոշորացումից հետո՝ 793, այդ թվում` Երևան քաղաքի) համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման  աշխատանքները:

         2012 թվականին իրականացվել են ՀՀ 12 գյուղական համայնքների և Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքները:

         2013 թվականին այդ աշխատանքները շարունակվել են ևս 10 համայնքներում, իսկ 2016 թվականին՝ 17 համայնքներում:

          Հայաստանի Հանրապետությունում կադաստրային քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման» հրահանգի պահանջներին համապատասխան: