Դեպի վեր
Ընթացիկ գրանցում

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական գրանցումն ընդգրկում է`

1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

Պետական գրանցումն իրականացնում են ի պաշտոնե պետական գրանցում կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք՝ անշարժ գույքի ռեգիստրները, որոնց ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը:

    Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի`

1) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը).

2) պետական տուրքի, պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերը, իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փաստաթղթեր: Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը: Այդ փաստաթղթերի բովանդակությունը կամ որևէ մասը չպետք է գրառված լինի մատիտով, դրանք չպետք է պարունակեն ջնջումներ, սահմանված կարգով չհաստատված ուղղումներ, ինչպես նաև փաստաթղթի բովանդակության ճշգրիտ ընկալմանը խոչընդոտող վնասվածքներ: Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

   Դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

  Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:

  Պետական գրանցման դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով՝ գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը և ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

   Դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում՝ օրենքով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

  Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի՝ անշարժ գույքի ռեգիստրի կողմից հաստատվելու պահից:

   Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:

   Ներկայումս գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման և գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են էլեկտրոնային եղանակով` պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային վարույթների իրականացման միջոցով:

   Տարածքային ստորաբաժանումներում էլեկտրոնային վարույթի յուրաքանչյուր փուլում, տվյալ փուլի իրականացման լիազորություններ ունեցող օգտվողների խմբից վարույթի տվյալ փուլի կատարող աշխատակիցը, այդ թվում՝ պետական գրանցումն իրականացնող անշարժ գույքի  ռեգիստրը, որոշվում է Էլեկտրոնային համակարգի կողմից:

 

 Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետները


   Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, բացառությամբ երբ դիմողի ցանկությամբ այն կատարվելու է արագացված կարգով, որի դեպքում պետական գրանցման ծառայության մատուցման համար օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են հետևյալ գործակիցներով`

1) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում՝ 2 գործակցով.

2) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում՝ 3 գործակցով:

Իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ, երբ իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, որի դեպքում  դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է հասցեի գրանցման վերաբերյալ դիմումը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:

 

 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով, ընդ որում՝ հաշվարկը սկսվում է դիմումի ներկայացման օրվանից: