Գրանցում

Գրանցում

ԸՆԹԱՑԻԿ ԳՐԱՆՑՈՒՄ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական գրանցումն ընդգրկում է`

1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

Պետական գրանցումն իրականացնում են ի պաշտոնե պետական գրանցում կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք՝ անշարժ գույքի ռեգիստրները, որոնց ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը:

Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի`

1) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը).

2) պետական տուրքի, պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերը, իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փաստաթղթեր: Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը: Այդ փաստաթղթերի բովանդակությունը կամ որևէ մասը չպետք է գրառված լինի մատիտով, դրանք չպետք է պարունակեն ջնջումներ, սահմանված կարգով չհաստատված ուղղումներ, ինչպես նաև փաստաթղթի բովանդակության ճշգրիտ ընկալմանը խոչընդոտող վնասվածքներ: Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:

Պետական գրանցման դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով՝ գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը և ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

Դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում՝ օրենքով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի՝ անշարժ գույքի ռեգիստրի կողմից հաստատվելու պահից:

Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:

Ներկայումս գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման և գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են էլեկտրոնային եղանակով` պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային վարույթների իրականացման միջոցով:

Տարածքային ստորաբաժանումներում էլեկտրոնային վարույթի յուրաքանչյուր փուլում, տվյալ փուլի իրականացման լիազորություններ ունեցող օգտվողների խմբից վարույթի տվյալ փուլի կատարող աշխատակիցը, այդ թվում՝ պետական գրանցումն իրականացնող անշարժ գույքի  ռեգիստրը, որոշվում է Էլեկտրոնային համակարգի կողմից:

 

Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետները

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, բացառությամբ երբ դիմողի ցանկությամբ այն կատարվելու է արագացված կարգով, որի դեպքում պետական գրանցման ծառայության մատուցման համար օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են հետևյալ գործակիցներով`

1) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում՝ 2 գործակցով.

2) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում՝ 3 գործակցով:

Իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ, երբ իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, որի դեպքում  դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է հասցեի գրանցման վերաբերյալ դիմումը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով, ընդ որում՝ հաշվարկը սկսվում է դիմումի ներկայացման օրվանից:

 

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշման հիման վրա հանրապետությունում 1999 թվականից սկսվեցին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները:

Հիմնվելով հանրապետությունում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալների վրա՝ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները հանդիսանում են պետական գրանցման նոր համակարգի անցման կարևորագույն քայլերից մեկը, որը հնարավորություն տվեց հավաքագրել անշարժ գույքի միավորների որակական և քանակական, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ առավել ամբողջական և հավաստի տվյալները:

Հանդիսանալով անշարժ գույքի կադաստրի համակարգի կայացման հիմնական տարրերից մեկը՝ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվում են անվճար` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացումը կարևոր խթան հանդիսացավ նաև հանրապետությունում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, քանի որ անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, որոնք նախկինում փաստորեն դուրս էին մնացել քաղաքացիաիրավական շրջանառությունից իրավունք հաստատող համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, բերվեցին իրավական, հետևաբար և հարկման դաշտ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հատկացված չափերից ավել օգտագործվող, օրենսդրության խախտումներով տրամադրված (օտարված) հողամասերին: Այսպես, իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթների կիրառման արդյունքում քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց տրամադրվեց շուրջ 56 հազար հեկտար հողամաս:

Ընդհանուր առմամբ մինչև 01.01.2014 թվականը առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում գրանցվել է շուրջ 1650 հազար անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքներ: Չնայած գրանցված գույքի մեծ քանակին, իրավունքների պետական գրանցման աշխատանքների ընթացքում չհաջողվեց ամբողջությամբ կարգավորել գրանցմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից են մասնավորապես`

  • տարբեր պատճառներով չօրինականացված ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների մեծ քանակը,
  • ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությունը (քաղաքային համայնքներում),
  • համասեփականատերերի վերաբերյալ տեղեկանքների բացակայությունը,
  • հողամասերի սեփականատերերի անհայտ լինելը,
  • գծային ենթակառուցվածքների օտարման գոտիներում գտնվող հողամասերը,
  • չբացված ժառանգությունները,
  • չներկայացված օտարման պայմանագրերը,
  • համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի տարանջատումը ըստ սեփականատերերի (ոչ բնակելի տարածքներ, բացվածքներ և այլն):

Վերը նշված խոչընդոտները հիմնականում վերաբերում են հանրապետության քաղաքային բնակավայրերում տեղակայված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետության իրավական դաշտը սահմանում է նշված խոչընդոտների վերացման հիմքերն ու ընթացակարգերը, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում անշարժ գույքի շուկայի զարգացման տեմպերը՝ բարձր հավանականությամբ կարելի է ակնկալել, որ նված խոչընդոտների մեծ մասի վերացումը հնարավոր կլինի անշարժ գույքի նկատմամբ իրավունքնրի ընթացիկ գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում:

 

ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման հիման վրա հանրապետությունում ներդրվեց հասցեների ռեեստրի համակարգը, որը իրենից ներկայացնում է անշարժ գույքի հասցեների (գործող և չեղյալ) վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ:

Հասցեների ռեեստրի գրաֆիկական բաղադրիչը կազմված է համայնքների կադաստրային քարտեզների հիման վրա ստեղծված հասցեների քարտեզներից, որոնցում, կախված բնակավայրերի կառուցապատման առանձնահատկություններից և խտությունից, 1:2000 կամ 1:5000 մասշտաբով արտացոլվում են հասցեավորման օբյեկտները և դրանց հասցեները:

Հասցեների ռեեստրի իրավական (տեքստային, փաստաթղթային) բաղադրիչ է հանդիսանում հասցեավորման օբյեկտների իրավական և որակական տեղեկությունների ամբողջությունը, որը ներառում է հասցեավորման օբյեկտի (անշարժ գույքի միավորի) կադաստրային ծածկագիրը, օբյեկտի հասցեն, հասցեի տրամադրման վերաբերյալ որոշման ամսաթիվը և համարը, հասցեավորման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), անշարժ գույքի նպատակային նշանակությունը և օգտագործման նպատակը:
Հասցեների ռեեստրի իրավական բաղադրիչը ձևավորվում է հասցեների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրականացման արդյունքում հավաքագրվող տեղեկություններից և փաստաթղթերից:

 

Անշարժ գույքի հասցեների գրանցումը

 

Անշարժ գույքի հասցեների գրանցումը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (հասցեների ռեգիստր) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները:
Հասցեների գրանցման համար հիմք են հանդիսանում անշարժ գույքին հասցե տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի (համայնքների ղեկավարներ) կողմից կայացված որոշումները, ինչպես նաև ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ որոշումները:

Անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկությունները, գրանցման ժամկետները և գրանցման համար նախատեսված վճարը սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: