«Հայաստանի ազգային ատլասի» Բ հատորի շնորհանդես

26.01.2009

Հունվարի 23-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ատլասի» Բ հատորի շնորհանդեսը, որին ներկա էին ինչպես ատլասի խմբագրական խորհրդի կազմը, այնպես էլ ոլորտի այլ մասնագետներ, ներկայացուցիչներ ԳԱԱ պատմության ինստիտուտից, զանգվածային լրատվամիջոցներից:

Դեռևս 2006թ-ին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի շնորհիվ հրատարակվեց «Հայաստանի ազգային ատլասի» Ա հատորը, իսկ Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ-ը տպագրեց 65 անուն թեմատիկ քարտեզներ, բուկլետներ, ատլասներ:

Կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, ատլասի խմբագրական խորհրդի նախագահ, ներկայացնելով ատլասի Բ հատորը, փաստեց, որ մեծ է վերջինիս քաղաքական նշանակությունը, քանի որ դրանում տեղ է հատկացվել մասնավորապես Լեռնային Ղարաղաղի, Եղեռնի խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների, հայ գաղութների և Սփյուռքի պատմությանը:

«Հայաստանի ազգային ատլասի» Բ հատորը բաղկացած է 6 բաժիններից, 220 թեմատիկ քարտեզներից, որոնք օգնում են զուգահեռաբար նաև ամբողջական պատկերացնում կազմել հայ ազգային ազատագրական շարժման տարբեր դրսևորումների, տարբեր ժամանակներում հայ առաքելական եկեղեցու գործունեության, տարազների, սովորույթների, անգամ բնակատեղիների և բարբառների մասին: Կարևորվեց նաև “Աշխարհագրական տեղանունների անվանակոչման և անվանափոխման” հանձնաժողովի աշխատանքները, որի ջանքերում հայեցի են դարձվել շուրջ 40.000 տեղանուններ:

Ատլասի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի հավաստմամբ, պետական օժանդակությամբ հրատարակված այս ժողովածուն հայոց պատմության ամբողջական շարադրումն է քարտեզների միջոցով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկան նաև խմբագրական կազմի ներկայացուցիչները` կարևորելով այդպիսի նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև պետական աջակցության և ֆինանսավորման կարևորությունը:

Ի դեպ, պարոն Վարդանյանի հավաստմամբ, արդեն պատրաստ է հրապարակման և շուտով տպարան կուղարկվի նաև «Հայաստանի ազգային ատլասի» Ա հատորի անգլերեն տարբերակը: