Անշարժ գույքի գնահատում

Անշարժ գույքի շուկայական գնահատումն իրականացվում է ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ունեցող անձանց կողմից։
ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող, ինչպես նաև ֆիզիկական անձանց որակավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է։
Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգումը իրականացնում է Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը՝ որակավորման քննությունների միջոցով։ Քննություններն անցկացվում են առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում՝ այդ մասին հայտարարությունը մեկ ամիս առաջ հրապարակելով կոմիտեի պաշտոնական կայքում։
Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը իրականացնում է նաև հսկողություն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ։