Միավորված Ազգերի Կազմակերպություն
Երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտե
Միավորված ազգերի կազմակերպության Երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեն ստեղծվել է 2011 թ. հուլիսի 27-ին։ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդն այն ստեղծել է որպես համատեղ որոշումներ կայացնելու միջկառավարական մեխանիզմ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության շրջանակներում որոշելու Երկրատարածական տեղեկատվության ստեղծման, մատչելիության և կիրառման ուղղությունները: Կոմիտեի հիմնական նպատակը Երկրատարածական տեղեկատվության օգտագործման վերաբերյալ գլոբալ խնդիրների լուծումն է: Փորձագետների կոմիտեի առաջնահերթությունները և աշխատանքային ծրագրերը ղեկավարում են անդամ պետությունները։ Կոմիտեն համակարգում և ապահովում է քարտեզագրական, կադաստրային, Երկրատարածական տեղեկատվությանն առնչվող համատեղ աշխատանքները: Նստաշրջանների ընթացքում քննարկվում են երկրատարածական տվյալների կառավարման ամրապնդման, Համաշխարհային գեոդեզիական ցանցի բարելավման, աղետների ռիսկերի գնահատման ու նվազեցման հարցեր։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի անդամ է: Կադաստրի կոմիտեն 2016 և 2019 թթ. մասնակցել է ՄԱԿ-ի Երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների նստաշրջանին, համագործակցության շրջանակում պարբերաբար Հայաստանին ներկայացվող հարցադրումների վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը:
ՄԱԿ-ի Աշխարհագրական անվանումների փորձագետների խումբ
Միավորված ազգերի կազմակերպության Աշխարհագրական անվանումների փորձագետների խումբը (UNGEGN) ստեղծվել է 20-րդ դարի 1960-ական թվականներին: Գործունեության հիմնական ոլորտն ազգային և միջազգային մակարդակներում աշխարհագրական անվանումների ստանդարտացման հարցերով առաջարկների ներկայացումն է: Փորձագետների խմբի հանդիպումներն անցկացվում են ամեն տարի կամ երկու տարին մեկ՝ ապահովելու հինգ տարին մեկ անցկացվող համաժողովների ընթացքում ընդունված որոշումների իրականացումը։
Աշխարհագրական անվանումների փորձագետների խումբը Տնտեսական և սոցիալական խորհրդի փորձագիտական 7 խմբերից մեկն է, ունի շուրջ 400 անդամ՝ 100 երկրներից: Իր գործառույթներն իրականացնում է աշխարհագրական/լեզվաբանական ստորաբաժանումների և աշխատանքային 24 խմբերի միջոցով: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի անդամ է. նրանում ներգրավված է Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը: 2019 թ. գարնանը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում կայացած՝ խմբի առաջին նստաշրջանում նախանշվել են ՀՀ աշխարհագրական անվանումների ռոմանիզացման առկա վիճակի գնահատումը և անհրաժեշտության դեպքում նոր կարգի մշակումը, աշխարհագրական անվանումների տարածական շերտի ստանդարտի մշակումը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում ընդգրկվելու նպատակով աշխարհագրական անվանումների տարածական շերտի մշակումն ու գեոկապակցումը, ինչպես նաև աշխարհագրական անվանումների տեղանունների թղթային տարբերակներից հրաժարումն ու անցումը դրանց առցանց հրապարակման:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խումբ
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստեղծվել է 1947 թ., ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC)-ի կողմից: Այն ՄԱԿ-ի տարածաշրջանային հինգ հանձնաժողովներից մեկն է: Հանձնաժողովի հիմնական նպատակն է խթանել համաեվրոպական տնտեսական ինտեգրումը: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընդգրկված են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի 56 անդամ երկրներ: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Հողային ռեսուրսների կառավարման ոլորտում ԵՏՀ-ն աշխատում է երկու միջկառավարական մարմինների՝ ԵՏՀ բնակարանաշինության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի և վերջինիս օժանդակ մարմին հանդիսացող Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի միջոցով: Դրանց աշխատանքներին աջակցում է անշարժ գույքի շուկայի խորհրդատվական խումբը: Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբին անդամակցում են ԵՏՀ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը:
Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի նիստերն անդամ երկրների կառավարություններին երկխոսության հարթակ են տրամադրում: Նիստերը կայանում են երկու տարին մեկ անգամ՝ հողային ռեսուրսների կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակելու և հիմնական ուղղությունները նախանշելու նպատակով:
Կադաստրի կոմիտեն ներգրավված է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբում և մասնակցում է նիստերին, շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշում ու մասնագիատական կարծիքների տրամադրում և այլն։ 2019 թ. փետրվարի 27-ից 28-ը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի 11-րդ նիստին Կադաստրի կոմիտեն մասնակցել է ղեկավարի մակարդակով: