Եվրոպական Միություն
Թայեքս տեխնիկական օժանդակության գործիք
Թայեքսը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում: Թայեքս գործիքը ստեղծվել է 1996 թ. և այն հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ: Թայեքս գործիքը տրամադրում է չորս տեսակի աջակցություն.
-
Աշխատաժողովներ. ընդհանուր նպատակն է ներկայացնել և բացատրել ԵՄ օրենսդրությունը և օրենսդրությանն առնչվող խնդիրները շահառու երկրների պետական կառավարման մարմիններին: Փորձագետները կարող են լինել ԵՄ անդամ մեկ կամ մի քանի պետություններից: Մասնակիցների առավելագույն թվաքանակը կարող է լինել մինչև 90 պաշտոնյա: Թայեքս աշխատաժողովն առավելապես օգտագործվում է ԵՄ համընդհանուր օրենսդրության դրույթների վերաբերյալ հիմնովին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ԵՄ անդամ տարբեր երկրներում կիրառվող ԵՄ օրենսդրության տարբեր մոդելների կիրառման մասին իրազեկությունը բարձրացնելու համար:
-
Փորձագիտական առաքելություններ. ընդհանուր նպատակն է շահառու հաստատությունների վարչակազմին տրամադրել խորը խորհրդատվություն ԵՄ օրենսդրության հատուկ կամ կոնկրետ հատվածների փոխակերպման, իրականացման կամ կիրառման վերաբերյալ: Փորձագիտական առաքելությունը լավագույնս օգտագործվում է խորհրդատվություն տրամադրելու համար, երբ պետական կառավարման տիրույթում որոշակի բարեփոխումներ գտնվում են իրականացման փուլում:
-
Գնահատող առաքելություն. ընդհանուր նպատակն է գործընկերների կողմից ստանալ գնահատականներ շահառու երկրների պետական կառավարման մարմինների օրենսդրությունների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան միջազգային լավագույն փորձի ու համընդհանուր ստանդարտների վերաբերյալ տեղեկատվություն: Աջակցությունը հիմնականում տրամադրվում է վերլուծական հաշվետվությունների և փորձագետների մշակած առաջարկությունների միջոցով:
-
Ճանաչողական այցեր. ընդհանուր նպատակն է շահառու երկրների պաշտոնատար անձանց տրամադրել ԵՄ օրենսդրության իրականացման և (կամ) կիրառման վերաբերյալ գործնական և փորձագիտական գիտելիքներ: Թայեքս ճանաչողական այցը լավագույնս օգտագործվում է շահառու երկրների համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներին փորձառություն, ԵՄ անդամ պետություններում կիրառվող ներքին կանոնների, ընթացակարգերի և կիրառվող վարչական գործընթացների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար:
Կադաստրի կոմիտեի և Թայեքս գործիքի փորձագիտական խմբի սերտ համագործակցության արդյունքում 2019 թ. հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն արխիվների թվայնացման թեմայով փորձագիտական աջակցության այց: Առաքելության նպատակն է կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման հիմնական կարիքների գնահատումը, ոլորտում իրավիճակը ուսումնասիրումը և համապատասխան լուծումների առաջարկումը: Հանդիպումը ենթանդրում է նաև ռազմավարության մշակման, թվայնացմանը հարմարեցված մեթոդաբանության, անձնակազմի գնահատման, ինչպես նաև թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Հանդիպման առանցքային մասն այն է, որ փորձագետները կփոխանցեն իրենց հաջողված փորձը` թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ, համապատասխան մասնագետներին և պատասխանատուներին կտրամադրվեն ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց: Բացի այդ, առաքելության նպատակն է ստեղծել մասնագետների թիմ, որոնք հետագայում ինքնուրույն կաշխատեն թվային արխիվների հետ: