Անկախ Պետությունների Համագործակցություն
ԱՊՀ-ի հետ Կադաստրի կոմիտեն համագործակցում է Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի շրջանակում: Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջև 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում փոխգործակցության համաձայնագրի իրականացման նպատակով: Խորհուրդը մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, համակարգված քաղաքականություն՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում, կազմակերպում է ոլորտի մասնագետների վերապատրաստումը: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան նստաշրջանների ձևով: Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մշտապես մասնակցել են խորհրդի նիստերին: 2006թ., 2011թ. և 2015թ.-ին Երևանում կազմակերպվել են Խորհրդի համապատասխանաբար 24-րդ, 31-րդ և 37-րդ նստաշրջանները, որին մասնակցել են առնվազն 8 երկրներից ժամանած պատվիրակություններ: Նստաշրջանների ավարտին ստորագրվում է արձանագրային որոշում, որով մասնակից պետությունները, ամփոփելով տարվա ընթացքում կատարած աշխատանքները, սահմանում են գործունեության և կատարելիք աշխատանքների նոր ուղղություններ:
2019 թվականի սեպտեմբերի 17-ից 19-ը Դուշանբեում կայացած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցել է Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը ղեկավարի մակարդակով: Նիստի ընթացքում ներկայացվել է նախորդ նիստի որոշումների կատարման ու հատկապես՝ Հայաստանի կադաստրում իրականացված բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նիստի շրջանակում գումարված մասնագիտական ոլորտային խմբերի աշխատանքին մասնակցել է Կոմիտեի ոլորտային ստորաբաժանման ներկայացուցիչը։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին առցանց տարբերակով կայացավ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի 42-րդ նիստը: Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցեցին նիստին, ինչպես նաև ելույթով հանդես եկան՝ ներկայացնելով նախորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ ընթացքը: ԱՊՀ մասնակից երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի հերթական նիստը 2022 թվականին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Կառույցի հետ համագործակցության շրջանակներում Կոմիտեն մասնակցում է նաև տարբեր փաստաթղթերի մշակման աշխատանքներին և առցանց ոլորտային հանդիպումներին:
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը 2019 թվականի հուլիսին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի տարածական տվյալների ենթակառուցվածքների (ՏՏԵ) ստեղծման հարցերով աշխատանքային խմբի նիստին: Նիստի ընթացքում մասնակից պետությունների կողմից ներկայացվեցին Միջպետական XL նստաշրջանի որոշումների իրականացման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները: