Քարտեզագրության Միջազգային Ասոցիացիա
Քարտեզագրության միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1959 թվականի հունիսի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Ասոցիացիային ներկայումս անդամակցում են 73 պետությունների ազգային քարտեզագրական գործառույթ իրականացնող լիազոր մարմիններ:
Քարտեզագրության միջազգային ասոցիացիայի ռազմավարական առաքելությունը քարտեզագրական և երկրատեղեկատվական գիտությունների զարգացումն ու խթանումն է միջազգային համատեքստում: Ասոցիացիան մեկ հարթակում է միավորում հետազոտողներին, պետական քարտեզագրական ծառայություններին, քարտեզներ հրատարակողներին, ծրագրային ապահովման մասնագետներին, երկրաբաններին և աշխարհագրագետներին ամբողջ աշխարհից: Մասնավորապես, այն վերաբերում է նյութերի վերամշակմանը, պահպանմանը և վերլուծությանը, ինչպես նաև քարտեզների նախագծմանը, ներկայացման մեթոդներին:
Ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակներից են՝ քարտեզագրության և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում համաշխարհային ֆորում հանդիսանալը, պետությունների միջև այդ ոլորտների գիտելիքների և նորարարությունների փոխանակման դյուրացումը, մասնավորապես՝ կարողությունների զարգացմանն աջակցությունը, բազմակողմ ներգրավվածությամբ քարտեզագրական հետազոտությունների իրականացումը և խթանումը՝ կիրառական հիմնախնդիրների լուծման նպատակով, մասնակցությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրատարակվող նյութերի պատրաստմանը և տարածմանը:
Կադաստրի կոմիտեն 2019 թվականից հանդիսանում է Քարտեզագրության միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ և համագործակցում է Քարտեզագրության միջազգային ասոցիացիայի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում: