Քարտեզագրություն, գեոդեզիա, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն

Քարտեզագրություն, գեոդեզիա, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142778

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165078

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի       29-ի N 1441-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը:

   Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք:

   Նշված գործունեության մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման), հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

   Որակավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 ամիսն առնվազն մեկ անգամ, 2 փուլով` թեստավորում և հարցազրույց:

   Որակավորման անցկացման մասին հայտարարությունը հրապարակվում է որակավորումն անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում: Այն կայքից հանվում է որակավորման անցկացման օրվանից ոչ շուտ:

   Որակավորումն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

   Թեստավորման առաջադրանքների հարցաշարը բաղկացած է 80 հարցից, որոնք ընդգրկում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան բնագավառները: Որակավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարն իր ճիշտ պատասխաններով հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում:

   Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:

   Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 120 րոպե:

   Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

   Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

   Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ նրա ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է 5 հարց:

   Հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնության դրական գնահատականների կամ դրական և բացասական գնահատականների հավասար քանակության դեպքում հայտատուն համարվում է հարցազրույցն անցած:

   Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում է:

   Որակավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից: Գրավոր բողոքը քննում է կոմիտեի ղեկավարը: Այն որակավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում պետք է տրվի հայտերն ընդունող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո անմիջապես ուղարկում է կոմիտեի ղեկավարին:

   Որակավորման անցկացման օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրվում է որակավորման վկայականը:

   Հանձնաժողովի որոշմամբ՝ որակավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով: