Կոմիտե

Խորհրդային պլանային տնտեսության ժամանակաշրջանում Հայաստանում անշարժ գույքը իրավաբանորեն չհանդիսանալով առք ու վաճառքի առարկա` լիարժեքորեն ընդգրկված չէր անշարժ գույքի շուկայում որպես գույքային շրջանառության օբյեկտ: Ավելին` Հայաստանում սահմանված չէր նաև «անշարժ գույք» հասկացությունը: Հողը հանդիսանում էր պետության բացառիկ սեփականությունը, և այն, դիտարկելով որպես արտադրության միջոց գյուղատնտեսության մեջ, տրամադրվում էր միայն օգտագործման իրավունքով: Չկար հողի նկատմամբ գույքային իրավունքների ճանաչման, ինչպես նաև շուկայական գնահատման անհրաժեշտություն: Շենքերի, շինությունների դեպքում առկա էր միայն քաղաքացիների սեփականությունը` անհատական բնակելի տների տեսքով, և որոշակի քանակություն` կոոպերատիվ և կոլեկտիվ այգեգործության ընկերությունների սեփականություն: Թե հողերի, թե շենքերի, շինությունների օգտագործողների և սեփականատերերի իրավունքների գրանցման համակարգ չկար, և իրականացվում էին միայն հաշվառման և գույքագրման աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո հանրապետությունում սկսվեց հողի, բնակարանային ֆոնդի և տնտեսության մյուս ճյուղերի սեփականաշնորհման գործընթացը, առաջին անգամ օրենքով տրվեց (1996 թ.) «անշարժ գույք» հասկացությունը` միավորելով հողը և նրա վրա ամրակայված գույքը մեկ գույքային համալիրի մեջ: Սկսեց տարերայնորեն ձևավորվել անշարժ գույքի շուկան, աստիճանաբար գույքի նկատմամբ օտարման գործարքները սկսեցին ձևակերպումներ ստանալ: Առաջացավ յուրաքանչյուր անշարժ գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտների գույքային իրավունքների ճշգրտման, նրանց իրավունքների գրանցման, գրանցված իրավունքների երաշխավորման և իրավունքների ու սահմանափակումների, գույքի ֆիզիկական ու որակական տվյալների հասարակության համար հասանելի, օբյեկտիվ տվյալների բանկ ստեղծելու և գույքը գնահատելու համակարգ ստեղծելու անհրաժեշտություն: Անշարժ գույքի գնահատումը սկսեց իրականացվել կադաստրային` հողի հարկի, գույքահարկի բազաների ստեղծման և շուկայական գներով` անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար: Այս իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի N 234 որոշմամբ ստեղծվեց անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգ:
1999-2001 թվականներին ընդունվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և այլ օրենքներ ու դրանց հիման վրա ընդունված նորմատիվ բնույթի փաստաթղթեր, որոնցով կարգավորվեցին ու սահմանվեցին սեփականության և գույքային այլ իրավունքների ձեռքբերման և դադարման հիմքերը, տրվեցին անշարժ գույքի միավորի, հողամասի սահմանումները, հողամասի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների առանձնահատկությունները, տարանջատվեցին և հստակեցվեցին հողի կառավարման խնդիրները, համայնքների և պետական մարմինների, պետության և մասնավորի իրավասությունները, քաղաքաշինական գործունեություն ծավալելու ընթացակարգերը և ընդհանրապես` անշարժ գույքին առնչվող հարաբերությունները: Պետական գրանցման նոր համակարգի անցման կարևորագույն քայլերից մեկը հանդիսացավ հանրապետությունում իրականացված կադաստրային քարտեզագրումն ու դրա տվյալների հիման վրա քաղաքացիների համար անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումը, որը հնարավորություն տվեց հավաքագրել անշարժ գույքի միավորների որակական և քանակական, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ համեմատաբար ամբողջական և հավաստի տվյալներ: Իրավունքների գրանցման իրականացումը խթան հանդիսացավ նաև անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, քանի որ անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, որոնք նախկինում փաստորեն դուրս էին մնացել քաղաքացիաիրավական շրջանառությունից, բերվեցին իրավական, հետևաբար և` հարկման դաշտ:
Վերջին տարիներին անշարժ գույքի կադաստրի վարման միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ուսումնասիրված երկրներում անշարժ գույքի կադաստրի համակարգերի անվիճելի առավելությունը դրանց վարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման չափազանց բարձր մակարդակն է, որի առումով Հայաստանը տվյալ ոլորտում դեռևս բավականին զիջում էր այդ երկրներին: Համոզված լինելով, որ համակարգի հետագա զարգացումը, գործառույթների իրականացման որակի բարձրացումը և համակարգի գործունեության թափանցիկության ապահովումը, համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու քաղաքացիների և իրավաբանական անձանց սպասարկման որակի բարձրացումը հնարավոր չէ առանց համակարգում արմատական բարեփոխումների իրականացման, մշակվեց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման» հայեցակարգը, որի հիմնական նպատակն էր համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը և արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության նորանոր պահանջները բավարարելու ունակ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձևավորումը: Ամբողջ 2011 թվականի ընթացքում համակարգում իրականացվեցին համալիր արմատական բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Կոմիտեի կողմից մշակվեց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու կառավարության քննարկմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացվեց շուրջ 100 նորմատիվ իրավական ակտ, որից կարելի է առանձնահատուկ նշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նոր շարադրությամբ ներկայացնելը, որով օրենսդրական հիմնավորում տրվեց համակարգի բարեփոխումներին: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում դեռևս 2011թ. հունվար ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիման վրա նախկինում լիցենզավորման ենթակա տեղագրական քարտեզագրման ու հողաշինարարական աշխատանքերի իրականացման և ռիելթորական գործունեությունները հանվեցին լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկից, իսկ կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում վերը նշված գործունեությունների ցանկից հանվեց նաև անշարժ գույքի գնահատման գործունեությունը` վերջինս թողնելով որպես որակավորման ենթակա գործունեություն: Իրականացվող բարեփոխումների շրջանակում հաշվառման գործունեության մասնավորեցման արդյունքում որակավորման ենթակա գործունեության տեսակ ճանաչվեց նաև քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի գործունեությունը:
Առկա էր նաև աշխատանքային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման օպտիմալացման խնդիր: Մասնավորապես, կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմն ուներ 50 առանձնացված (տարածքային) ստորաբաժանում, որոնցից 9-ը գտնվում էին Երևան քաղաքում, իսկ մնացածները` հանրապետության նախկին շրջկենտրոններում: Տարածքային ստորաբաժանումների նման տեղակայումը պայմանավորված էր երկու հիմնական նկատառումներով, նախ` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումները պետք է ներկայացվեին տարածքային ստորաբաժանումներ ըստ գույքի գտնվելու վայրի, ուստի անհրաժեշտ էր ապահովել տարածքային մարմինների համաչափ աշխարհագրական հասանելիությունը, երկրորդ` այն պայմանավորված էր տարածքային մարմինների կողմից գույքային իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման նպատակով անշարժ գույքի չափագրման (տեղազննման) աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Նախկին տարածքային ստորաբաժանումների տեղակայման վայրերում սպասարկման գրասենյակների ստեղծմամբ և ինչպես դրանց, այնպես էլ սպասարկման գրասենյակների ու մարզկենտրոններում ստեղծված մեկական տարածքային ստորաբաժանումների (նաև Երևանում մեկ ստորաբաժանման) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև անշարժ գույքի չափագրման իրականացումն ամբողջությամբ մասնավոր հատվածին վերապահելով, մի կողմից հնարավորություն ընձեռվեց օպտիմալացնել տարածքային ստորաբաժանումների քանակը, մյուս կողմից դիմողներին հնարավորություն տրվեց իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել և փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ` կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (և նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով)` անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման և գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման համար գույքի պարտադիր չափագրման (տեղազննման) անհրաժեշտությունը սահմանափակվեց` այն թողնելով միայն նոր գույքի առաջացման, գրանցված գույքը փոփոխությունների ենթարկելու ու դիմողի պահանջի դեպքերում, միաժամանակ դիմողներին այս ոլորտում նույնպես ընտրության հնարավորություն ապահովվեց և, վերջապես, վերացնելով պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման բուն գործառույթն իրականացնող կադաստրի համակարգի պաշտոնատար անձանց ու կադաստրի ծառայություններից օգտվող քաղաքացիների անմիջական շփման անհրաժեշտությունը, համակարգում զգալիորեն նվազեցվեց կոռուպցիոն ռիսկերի առաջացման վտանգը: Ընթացող բարեփոխումների արդյունքում սկզբունքորեն նոր մոտեցում ձևավորվեց նաև անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրավական ձևակերպման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում, մասնավորապես` վերացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների) և այդ մասով ներմուծվեց կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ` գործարքների կնքման ինստիտուտ, որը ներկայումս կիրառվում է Երևան քաղաքում, ընդ որում, նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվում է անվճար:
Արմատական բարեփոխումների լույսի ներքո էլ ավելի կարևորվեց էլեկտրոնային արխիվի նշանակությունը անշարժ գույքի կադաստրի վարման գործառույթներում: Ընթացիկ տարվա սկզբից համակարգում ներդրված պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ավտոմատացված համակարգի ներքո էլեկտրոնային արխիվը նպաստում է ոչ միայն կադաստրային փաստաթղթերի պահպանմանը, այլ դարձել է ամենօրյա աշխատանքի կարևորագույն գործիքներից մեկը, որի օգնությամբ է իրականացվում համակարգի ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: Ավելին, եթե նախկինում էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները ունեին, այսպես կոչված, «ետգործառույթային բնույթ», այսինքն` փաստաթղթերն էլեկտրոնային արխիվ մուտքագրվում և տեսաներածվում էին դրանց թղթային օրինակների ստեղծումից հետո, ապա այսօր էլեկտրոնային արխիվի ստեղծումն իրականացվում է անմիջապես պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ընթացքում` հանդիսանալով դրանց անբաժանելի մասը, իսկ կադաստրի կոմիտեի տարածքային մարմինների կողմից այդ գործառույթների իրականացման ընթացքում տրամադրվող բոլոր ավարտական փաստաթղթերը (գրանցման վկայականներ, տեղեկանքներ) ի սկզբանե կազմվում են էլեկտրոնային եղանակով և հաստատման պահից ներառվում են էլեկտրոնային արխիվի կազմում: Այդ իսկ պատճառով էլեկտրոնային արխիվի տվյալների պահպանման, թարմացման և դրանց անվտանգության ապահովման խնդիրներն այսօր գտնվում են մեր ամենօրյա ուշադրության և հոգածության ներքո: 2011 թվականի ընթացքում ամբողջությամբ ավարտվեց դեռևս 2007 թվականին սկսված փաստաթղթերի թվայնացման և արխիվացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական փուլը: Իրականացվեցին լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակն էր էլկտրոնային արխիվի բոլոր նյութերի վերջնական ստուգումը և անհրաժեշտության դեպքում ճշգրտումը, քանի որ 2013 թվականից համակարգի ընթացիկ գործառույթներն իրականացվում են ամբողջությամբ հիմնվելով էլեկտրոնային արխիվի տվյալների վրա, ինչը հնարավորություն է ստեղծում էլ ավելի ճկուն դարձնել համակարգի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կատարելով աշխատանքի ծավալների վերաբաշխում տարածքային մարմինների միջև, իսկ կադաստրային գործերի թղթային արխիվի նյութերի օգնությանը դիմել միայն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում օգտագործել փաստաթղթերի բնօրինակները:
Կոմիտեի կայքում զետեղվել են բոլոր օրենսդրական ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են իրականացվող բարեփոխումներին վերաբերող գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:
2011 թվականին բարեհաջող ավարտելով համակարգում իրականացվող արմատական, համալիր բարեփոխումների նախապատրաստական փուլը` 2012 թվականի հունվարից սկիզբ դրվեց դրանց ներդրմանը և ներկայումս կադաստրի համակարգում`
- ընթացիկ գործառույթների հիմնական մասն արդեն իսկ իրականացվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով` ապահովելով բոլոր կադաստրային տվյալների և դրանց ընթացիկ փոփոխությունների հավաքագրումն ու պահպանումը միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգում: Կադաստրի պետական կոմիտեի կողմից շարունակվում են էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ գործառույթների ավտոմատացմանն ուղղված միջոցառումները:
- գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլ) տրամադրումը քաղաքացիներին` ամբողջությամբ բացառելով իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթ իրականացնող պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփումը,
- վերացել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու և նույն վայրից վկայականները, տեղեկատվությունը կամ այլ փաստաթղթերը ստանալու անհրաժեշտությունը,
- էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն ունեն դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու` կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց,
- համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին,
- ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք:
- վերացվել է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների անվճար կնքումը կադաստրի համակարգում: