Հաճախ տրվող հարցեր
-
Ինչպե՞ս է կազմակերպվում և իրականացվում անշարժ գույքի գնահատման գործունեությունը:
Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:
-
Ո՞վ կարող է դիմել միասնական տեղեկանք ստանալու համար։
Միասնական տեղեկանքի համար կարող է դիմել ցանկացած անձ՝ անկախ գույքի սեփականատեր լինելու հանգամանքից։
-
Քանի՞ օր է ուժի մեջ միասնական տեղեկանքը։
Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:
-
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։
2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։
Ընդ որում մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։
-
Ի՞նչ վճար է սահմանված Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում կնքվող պայմանագրերի համար։
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում պայմանագիրը կնքելու համար վճար չի գանձվում, սակայն նշված պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվում է պետական ծառայության և պետական տուրքի վճարներ։
-
Ի՞նչ ընթացակարգով կարելի է անձին դարձնել անշարժ գույքի համասեփականատեր։
Անձը անշարժ գույքի համասեփականատեր կարող է դառնալ միայն տվյալ գույքի վերաբերյալ կնքված գործարքի արդյունում (բաժնեմասի նվիրատվություն կամ առուվաճառք), որից ծագող իրավունքներն էլ ենթակա են պետական գրանցման։
-
Ի՞նչ ժամանակահատվածում նոտարական վավերացմամբ գործարքները պետք է ներկայացվեն պետական գրանցման:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Նոր հասցեի գրանցման կամ հասցեի փոփոխության դեպքում որքա՞ն է կազմում պետական գրանցման վճարը։
Նոր հասցեի գրանցման կամ հասցեի փոփոխության դեպքում վճար չի գանձվում։