Նախագիծը դրվեց հանրային քննարկման
Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել (https://www.e-draft.am/) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը:
Օրենքի ընդունումը հնարավորություն կտա պետական ռեգիստրի ղեկավարին ընդունելու պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում՝ պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր:
Նախագիծը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրվող և յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն)։ Նշենք, որ ՀՀ կառավարությանն է վերապահվում սահմանելու կադաստրային քարտեզներում (հատակագծերում) հայտնաբերված սխալների ուղղման կարգը:
Համաձայն նախատեսվածի՝ կընդլայնվի սահմանափակված մատչելիությամբ տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը, մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինելու համար դիմող անձանց շրջանակը, ինչպես նաև անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլվող սահմանափակումների մասին տեղեկությունների շրջանակը (պատմամշակութային հուշարձան և այլն): Նախատեսվում է կարգավորել ու հստակեցնել նաև ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի մատչելի կդարձնի տեղեկատվություն հայցողների գործողությունները:
Նախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված վճարները: