Նորանշանակ ղեկավարն անցկացրեց առաջին խորհրդակցությունը կոմիտեում
Նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեում հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց։ Քննարկվեցին բազմաթիվ հարցեր՝ կազմակերպչականից մինչև օրենսդրական դաշտի վերանայում։
Կոմիտեի ղեկավարը նախ նշեց, որ իր առաջին հանձնարարականը՝ շինարարական աղբից տարածքը մաքրելու վերաբերյալ, պատշաճ ձևով չի կատարվել, և Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարին հանձնարարեց վերանայել կոմիտեում շինարարության համար պատասխանատու աշխատակցի հետ կնքված պայմանագիրը և ըստ ընթացակարգի լուծարել այն։
Քննարկման սկզբում կոմիտեի ղեկավարն անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականներին։ Քանի որ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետից ուշանում են, ղեկավարը հանձնարարեց կնքված պայմանագրի համաձայն կիրառել իրավական բոլոր պատժամիջոցները, ապա նաև հետևողական լինել, որ աշխատանքները մինչև հաջորդ շաբաթ ավարտվեն։
Հանձնարարական էր տրված նաև Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ Արման Օսիկյանին՝ մշակել նախնական սխեմա այն կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների համար, որոնք հեռախոսազանգերին չեն արձագանքում։ Վարչության պետը նշեց, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումում մշակվում են տվյալները, որոնցից պարզ է դառնում, թե աշխատակիցները ինչ հաճախականությամբ են պատասխանում զանգերին։
Հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանն անդրադարձավ քարտեզների ուղղման խնդիրների հետ կապված շրջաբերականի նախագծին, որն արդեն քննարկվել է մասնագիտական բոլոր ստորաբաժանումներում՝ նշելով, որ այն արդեն շրջանառվել է երկու կետով։ Կոմիտեի ղեկավարը նույնպես կարևորեց քարտեզների ուղղման հարցը՝ առաջարկելով ցուցաբերել համակարգային մոտեցում։
Հանձնարարականներն ամփոփելուց հետո կոմիտեի ղեկավարը կարևորեց ոլորտում իրականացված համակարգային փոփոխություններն ու խոսեց իր տեսլականի մասին։ Ապա անցնելով խոսքից գործին՝ տվեց մի շարք հանձնարարականներ։ Նախանշվեցին որոշակի հստակ գործընթացներ, որոնք հատկապես իրավական կարգավորման կարիք ունեն, իսկ ինչպես նշեց կոմիտեի ղեկավարը․ «Մասնագիտական թերացումները պետք է բացառվեն այս հարցերում»։
Սուրեն Թովմասյանը առաջարկեց մշակել նոր մոտեցում՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների գործընթացում ներգրավել կրթական բոլոր հաստատությունների մասնագիտական ստորաբաժանումներին, ինչպես նաև շուկայում առկա` ծառայություններ մատուցող, մասնագիտական ընկերություններին։
Քննարկման վերջում Սուրեն Թովմասյանը կոմիտեի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ամփոփել 2019 թվականի ծրագրերը՝ կատարված կամ չկատարված աշխատանքների մասին համապատասխան հիմնավորում տալով։ Այսուհետ ստորաբաժանումների ղեկավարները աշխատանքային յուրաքանչյուր քննարկմանը պետք է ներկայանան առաջարկների և առկա խնդիրների փաթեթներով, որոնք կքննարկվեն ամեն շաբաթ։