Պետության և քաղաքացու շահերից բխող որևէ առաջարկ չի մերժվի
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ գնահատողների փորձագիտական խորհրդի և գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Սաֆարյանի, անդամներ Հրաչյա Սարգսյանի ու Արարատ Պապոյանի հետ:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց պատկերացումները գնահատման ոլորտում առկա խնդիրների, դաշտի ինքնակարգավորման հնարավորությունների, Կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության մասին:
Գնահատողները ևս փաստում են, որ ոլորտի ինքնակարգավորման տեսլականը, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, իսկ մինչ այդ, ինչպես նկատեց Կոմիտեի ղեկավարի խորհրդական Արման Պետրոսյանը, միությունը պետք է շատ ավելի ակտիվ հանդես գա նախաձեռնություններով, դասընթացներ, մասնագիտական քննարկումներ կազմակերպի, «որպեսզի մենք էլ հետագայում օրենսդրական նախաձեռնությունների համար հիմնավորում ունենանք՝ ինչու ենք այս կամ այն գործառույթը փոխանցում որևէ միության կամ ասոցիացիայի»:
Հանդիպման ավարտին Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ ոլորտի ինքնակարգավորման պետք է հասնել փուլ առ փուլ՝ լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, և հավաստիացրեց, որ հիմնավորված, պետության և քաղաքացու շահերից բխող որևէ առաջարկ անպատասխան չի մնա: