«Մենք ոչ միայն պիտի ասենք՝ խնդիր կա, մենք պիտի լուծման տարբերակներ առաջարկենք». աշխատանքային խորհրդակցություն
Դեկտեմբերի 23-ի աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին տվյալներին, որոնցից մի քանիսի արդյունքներն այնքան էլ գոհացնող չէին: Մեկ անգամ ևս ընդգծվեց պետական գերատեսչություններից ստացված գրություններին ժամանակին և շատ ավելի օպերատիվ պատասխանելու կարևորությունը՝ բացառելով որևէ ուշացում:
Կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարներին Թովմասյանը հանձնարարեց մինչև աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել հնգամյա ռազմավարական պլանում ներառված իրենց գործառույթներն ու անելիքներն ամբողջական ներկայացնող հաշվետվություն՝ յուրաքանչյուր կետի համար ունենալով «ճանապարհային քարտեզ»՝ մանրամասն և հստակ նկարագրությամբ: Հանձնարարվեց նաև մինչև այս շաբաթվա վերջ պատրաստել և ներկայացնել երկամսյա կտրվածքով իրականացվելիք կարճաժամկետ ծրագրերի ցանկ:
Ինչ վերաբերում է նոր հանձնարարականներին, վերահսկողության և գրանցման վարչություններին Թովմասյանը հանձնարարեց մինչև հունվարի 10-ը ամփոփ հաշվետվություն պատրաստել գրանցված և կասեցված իրավունքների ամբողջական պատկերով. «Պետք է հասկանանք մի քանի անգամ կասեցում ստացած գույքն ինչ ճանապարհ է անցել մինչև գրանցում ստանալը, որոնք են կասեցումների հիմնական պատճառները»:
Նույնականացման գործընթացին որակական գնահատական տալու համար Կոմիտեի ղեկավարն ակնկալում է իրավասու ստորաբաժանումների համատեղ հաշվետվությունը աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին:
Աշխատանքի և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման տարբեր լուծումներ են մշակվում նաև Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ:
«Եթե փոփոխություններ ենք ուզում, պիտի շատ աշխատենք, իսկ ժամկետները գնալով ավելի ու ավելի սեղմ կդառնան, որովհետև էլ ժամանակ չենք կարող կորցնել»,-եզրափակեց Կոմիտեի ղեկավարը՝ շեշտելով ոչ թե խնդիրն արձանագրելու, այլ կոնկրետ լուծումներ առաջարկելու կարևորությունը: