Օրակարգում է սուբյեկտների նույնականացման աշխատանքներն օր առաջ ավարտելու խնդիրը. աշխատանքային քննարկում
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի սպասարկման գրասենյակների ղեկավարների հետ քննարկվեցին սուբյեկտների նույնականացման գործընթացը հնարավորինս արագ և անսխալ իրականացնելու մեխանիզմները:
Ղեկավարի համոզմամբ՝ «մեզ պետք են աշխատող ձեռքեր, պետք են մեխանիզմներ՝ ինչպես օգտագործենք մեր աշխատակիցների հնարավորությունները՝ առանց դրսի մարդկանց ներգրավման»:
Հնչեցին տարբեր կարծիքներ գործընթացում Կոմիտեի աշխատակիցների հնարավոր ներգրավման վերաբերյալ, հատկապես իրատեսական համարելով օգտագործել մարզային գրասենյակների աշխատակիցների պոտենցիալը:
Քննարկման մասնակիցներն արդեն կատարված աշխատանքի արդյունավետությունն ու ճշգրտությունն ստուգելու տարբեր առաջարկներ բարձրաձայնեցին:
Կատարված աշխատանքի վերլուծական պատկերն ունենալու և դրանով հետագա քայլերի հաջորդականությունը որոշելու համար, Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ, մեկշաբաթյա ժամկետում գրանցման և վերահսկողության վարչությունները կներկայացնեն 2020 թվականի հունվար ամսվա կատարված աշխատանքի վերլուծությունը:
Թովմասյանի դիտարկմամբ՝ լավագույն լուծում կլինի սպասարկման գրասենյակների աշխատակիցների ներգրավումը կատարվող աշխատանքներում:
Ռեգիստրներին ընթացիկ աշխատանքի ժամանակ արդեն նույնականացված գույքը վերստուգելու հնարավորություն տալու համար Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանին հանձնարարական տրվեց հնարավորինս արագ տեխնիկական լուծում ապահովել՝ գունային, ընդգծված նշումով առանձնացնել արդեն նույնականացված գործերը: Ռեգիստրն, այսպես ասած, այդ դեպքում «երկրորդ աչք» կլինի՝ վերստուգելով կատարված աշխատանքը:
Գործընթացն արագ ավարտին հասցնելու, հետո նաև վերստուգելու համար Կոմիտեի պատասխանատուներն այս պահին իրատեսական են համարում, որ նույնականացման աշխատանքն իրականացնող 27 հոգանոց խմբի հետ աշխատեն նաև Կոմիտեի արխիվի աշխատակիցներ, ովքեր շատ արդյունավետ և մասնագիտական մոտեցում կցուցաբերեն գործին: Աշխատանքներին կմիանան նաև աշխատակիցներ Կոմիտեի մարզային գրասենյակներից: