Առցանց ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հնարավորություն, վերանորոգման և մաքրման աշխատանքներ գրասենյակներում
Նախորդ շաբաթվա հանձնարարականների և յուրաքանչյուր ստորաբաժանման կոնկրետ անելիքների քննարկմամբ սկսվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը:
Ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը մանրամասն ներկայացրեց՝ ինչ փուլում են նույնականացման աշխատանքները, ինչպես է բաշխվելու հունվար ամսին կատարված աշխատանքների ստուգումը, որ ստորաբաժանումներն են ներգրավված, ինչպես է բաշխված աշխատանքը: Ղեկավարի տեղակալի համաստմամբ՝ արդեն մեկ շաբաթից կունենանք կատարված աշխատանքի որակի նախնական գնահատականը:
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը ներկաներին տեղեկացրեց, որ մշակվում է գեոպորտալի ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև պատրաստ է չափագրողների առցանց գրասենյակի ստեղծման տեխնիկական բնութագիրը: Նախատեսվում է, որ առաջին փուլում չափագրողները ծրագիր կմուտքագրեն իրենց իրականացրած աշխատանքները, իսկ արդեն երկրորդ փուլում հնարավորություն կունենան գծագրական աշխատանքներ կատարել այդ տիրույթում: Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Կարեն Գրիգորյանը մեկ ամսից հնարավոր համարեց ծրագրային ապահովումը:
Կոմիտեի ղեկավարի առաջարկով կմշակվի նաև քաղաքացուն նույնականացնելու այնպիսի ծրագրային ապահովում, որ էլեկտրոնային ստորագրություն չունեցող քաղաքացին ևս կարողանա անարգել օգտվել Կադաստրի ծառայություններից՝ առանց գրասենյակ այցելելու:
Ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց Երևանի գրասենյակներում և առավել մեծ գրասենյակներում «տեղեկատվական տերմինալներ» ունենալու առաջարկը, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ ավարտական փաստաթղթերը ոչ թե հերթ կանգնելով, այլ տպել և ստանալ տերմինալի միջոցով: Տեղեկատվական տերմինալները հնարավորություն կտան նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև գնահատելու սպասարկման որակը տվյալ գրասենյակում: Առաջարկ եղավ նաև հատուկ վերապատրաստումների ուղարկել գրասենյակների՝ քաղաքացիներին սպասարկող անձնակազմին:
Առաջիկայում նախատեսվում են գրասենյակների վերանորոգման և մաքրման աշխատանքներ, գնումների բաժնի և սպասարկման գրասենյակների վարչության հետ քննարկվում են առաջնահերթությունները:
Կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ այսօրվանից Նիդերանդների կադաստրի հետ համատեղ իրականացվող արխիվների թվայնացման և մեթոդաբանության մշակման նախագծի շրջանակներում 5 օր Կոմիտեում է լինելու Նիդերլանդներից ժամանած աշխատանքային խումբը, հանդիպում-քննարկումներ կլինեն արխիվի թվայնացման աշխատանքներին անմիջականորեն առնչվող մասնագետների հետ: