«Հողաշինարարություն, հողային կադաստր» բաժնի ուսանողները պրակտիկա են անցնում Գեոմատիկայի կենտրոնում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն, հողային կադաստր» բաժնի ավարտական կուրսի ուսանողները նախորդ շաբաթվանից սկսել են իրենց նախադիպլոմային արտադրական պրակտիկան Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում։
Երեք շաբաթ տևող գործնական հանդիպումների ընթացքում ուսանողները կծանոթանան նորաստեղծ կենտրոնի գործունեությանը, հիմնական գործառույթներին, նպատակներին և խնդիրներին: Կենտրոնի մասնագետները ուսանողներին կներկայացնեն աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) ծրագրային փաթեթները, մասնավորապես այն օգտագործելու, քարտեզներ ստեղծելու, աշխարհագրական տվյալների բազա կազմելու, քարտեզագրական տվյալների վերլուծություն կատարելու և բազայում աշխարհագրական տվյալները կառավարելու սկզբունքները։
Գործնական հանդիպումների ընթացքում ապագա մասնագետներին կներկայացվեն հին ու նոր հասցեները ստանդարտ տեսքի բերելու և հասցեավորման համակարգի միասնական հարթակ ստեղծելու ընթացիկ աշխատանքները։
Ամենօրյա աշխատանքում ուսանողները կծանոթանան նաև համայնքների վարչական սահմանների ուղղման, քարտեզների ճշգրտման մեթոդաբանության մշակման, դաշտային պայմաններում գեոդեզիական աշխատանքների իրականացման առանձնահատկություններին։