Ի՞ՆՉ Է ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր՝ նոտարական գրասենյակում կամ պայմանագրի կողմերի միջև և այդ պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի և պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:
Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով, իսկ եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով:
Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով մյուս կողմին:
Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։