Ո՞Ր ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ՝ ԱՌԱՆՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք հնարավոր է կնքել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ՝ առանց նոտարական վավերացման, հաստատված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ:
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերից են անշարժ գույքի վաճառքի, նվիրատվության և վարձակալության պայմանագրերը:
Նշված պայմանագրերի ամբողջական ցանկին և օրինակելի ձևերին կարող եք ծանոթանալ Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ կայքի «Պայմանագրեր» բաժնում`
https://www.e-cadastre.am/contracts/browse :
Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի և պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:
Պայմանագրի կնքման համար կողմերը պետք է անձամբ ներկայանան կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ, հետևաբար պայմանագրի կնքման գործընթացը հնարավոր չէ իրականացնել այլ անձի լիազորագիր տրամադրելու միջոցով:
Բացառություն են կազմում ի պաշտոնե հանդես գալու դեպքերը (օրինակ՝ իրավաբանական անձի անունից հանդես եկող լիազորված անձը):
Եթե գույքը հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն, ապա ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքմանը պետք է ներկա լինեն ամուսինները:
Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագիրը ստորագրող անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակ պետք է ներկայացնեն Կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրին համապատասխան կազմված պայմանագրի մեկ օրինակ, անձը հաստատող փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում՝ լիազորությունները հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքը:
Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև ամուսնության վկայականը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը:
Պայմանագրի օրինակը սպասարկման գրասենյակ ներկայացնելը պարտադիր չէ։ Պայմանագիրը կարող է կազմվել նաև տեղում՝ սպասարկման գրասենյակի աշխատակցի օգնությամբ:
Հավելենք նաև, որ պայմանագրում ստորագրության իսկության ճանաչման գործընթացի և ստորագրության իսկությունը ճանաչված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`