Աշխատանքային խորհրդակցություն
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում այսօր կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պարտականություններին, սուբյեկտների նույնականացման աշխատանքների ընթացքին և պատշաճ կատարմանը։
Պատասխանատուների հետ քննարկվեց «Թեժ գծով» ստացվող զանգերի համար հնարավոր նոր լուծումներ գտնելու հարցը։ Չպատասխանված հեռախոսազանգերի քանակը կրճատելու, հետագայում նաև բացառելու նպատակով աշխատանքներում այս պահին ներգրավված են նաև կոմիտեի որոշ սպասարկման գրասենյակներ։
Շարունակվում են աշխատանքները չափագրողների առցանց գրասենյակից տվյալները ինքնաշխատ եղանակով «ARPIS» համակարգ մուտքագրելու հնարավորություն ստեղծելու համար։
Անդրադառնալով նախորդ շաբաթ Իսպանիա կատարած աշխատանքային այցին և իսպանական կողմի հետ ստորագրած հուշագրին՝ Սուրեն Թովմասյանը մանրամասներ ներկայացրեց փոխըմբռնման հուշագրի դրույթներից և առաջիկա անելիքներից, որոնցով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:
Հայկական կողմի համար հատկապես հետաքրքրական էին Իսպանիայի Թագավորության կադաստրի գլխավոր տնօրենության մասնագետների կողմից ներկայացված տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները: