Երևանում են ԱՊՀ միջպետական խորհրդի 44-րդ նստաշրջանի մասնակիցները

24.10.2022

Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի նախագահությունն այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։

Հոկտեմբերի 24-ից 26-ը Երևանում են Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի 44-րդ նստաշրջանի մասնակիցները:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելեցին կոմիտեի Գեոմատիկայի կենտրոն, եղան Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։

Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասն ներկայացրեց Կադաստրի կոմիտեի նորացված գործառույթները, գործարկված Գեոպորտալի հնարավորությունները, թվայնացված քարտեզները, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին։

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում, Հայաստան ժամանած քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների ներկայացուցիչները ծանոթացան անշարժ գույքի ռեգիստրների աշխատանքին։

Միջպետական այս խորհուրդը ստեղծվել է 1992 թ. Բիշքեկում ստորագրված՝ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում փոխգործակցության համաձայնագրով: Խորհուրդը մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, համակարգված քաղաքականություն՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում, կազմակերպում է ոլորտի մասնագետների վերապատրաստումը:

Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստի մասին մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ։